«Եթե իմանամ՝ ջեբը փող դնեմ, կհամոզեմ, դա էլ կանեմ». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին

«Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե Հայաստանից նույնիսկ ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու՝ չեմ ընդունում»: Այսօր ԱԺ դարպասների մոտ հավաքված   Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Դա ընդունող երկրի խնդիրն է. Ես կարամ ուզենամ գամ ձեր տուն, բայց եթե դու քո դուռը չբացես, ես էս մարդկանց հավաքեմ գամ-կանգնեմ ասեմ՝ ինձ ներս թո՞ղ: Չհավատաք, որ մեկը ձեզ գա ասի՝ հես ա այդ հարցը լուծելու է, և այլն: Այդ հարցը մեր ձեռքը չի, որ մենք կարողանանք լուծենք, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով՝ երեկ, 3 օր առաջ, 4 օր առաջ, փորձում ենք չվերթերը վերականգնենք, ոչ միայն ձեր համար, այլ, որ մարդ գա այստեղ, կարողանան առևտուր անել, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի, հյուրանոցները սաղ դատարկ են…»,- ասաց Սիմոնյանը:

Քաղաքացու հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Պուտինը մեր 100 տարվա բարեկամն է ու չի թողնում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Պուտինի բարեկամի հարցը չի»:

Ալեն Սիմոնյանն առանց անուններ տալու և որոշակիացնելու՝ ասաց, թե  ով կարողանում է՝ այս համավարակն իր համար օգտագործում է, ապա  անդրադարձավ ԱԺ ընդդիմադիր խմբակցութունների պատգամավորներին, որոնք իրենից առաջ  էին հանդիպել քաղաքացիների հետ և լսել նրանց խնդիրները:

«Երկու հոգի պատգամավոր ա եկել ստեղ, խոսացել ա, ի՞նչ են ասել ձեզ: Իրենք կգան, ձեզ ամեն ինչ խոսք կտան, կասեն՝ բա որ ուզենան՝ կանեն, ի՞նչ է նշանակում, որ ուզենան՝ կանեն, հա դե հես ա, ես այդ հարցը կբարձրացնեմ, որ բարձրացրեց՝ ի՞նչ է լինելու, այնքան հարց բարձրացնեմ, որ մեջը լուծում չի լինելու»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ հիմա չի լինելու Ռուսաստան գնալու տարբերակը, սակայն չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում 1 ամսվա ընթացքում փոփոխություն լինի.

«Դա մաթեմատիկա է, Ռուսաստանը, Վրաստանը թույլ չեն տալիս, մենք ասում ենք՝ ախպեր, թողեք էս մարդը էթա, ստեղ էլ բանկում պրոբլեմ ունի, էդ մարդը չի թողնում: Մի լավ նորություն էլ ունեմ՝ ենթադրում եմ, որ շատ երկար չի տևելու, ենթադրում եմ, որ 1 ամսվա ընթացքում մենք կկարողանանք գոնե ռուսների հետ, վրացիների հետ չենք կարողանալու. Մինչև 1 ամիս, կարող է 10 օրից լինի, բայց նորից եմ ասում՝ դպրոցները հիմա բացվելու են, գնալու են երեխեքին սպասեն, Աստված չանի՝ այդ թիվը թռիչքաձև աճի»:

Քաղաքացու դիտարկմանը, որ չեն ուզում այստեղ մնալ, ուզում են գնալ Ռուսաստանում աշխատել, Սիմոնյանն ասաց, որ նա ազատ մարդ է, ՀՀ քաղաքացի է, կարող  է գնալ, սակայն դա իրենից կախված չէ, ավելին, եթե նա ՀՀ-ից դուրս գտնվեր և խնդիրներ ունենար, ամեն ինչ անելու էին, որ նա վերադառնար Հայաստան:

«Դու աշխարհի որ կետում էլ լինես, քո համար վիզ կդնեի. Եթե Աստված չանի՝ դու Ռուսաստանում լինեիր, ես վիզ էի դնելու, ինչպես մի քանի չվերթով մեր քաղաքացիներին բերեցինք, վիզ եմ դնելու: Հիմա էլի գնացեք, աշխատեք, մեկ է, էլի Հայաստան եք բերելու, Հայաստանն եք շենացնելու, որևէ տարբերություն չկա, բայց ախր ինձնից չի կախված: Եթե իմանամ՝ ջեբը փող դնեմ՝ կհամոզեմ, դա էլ կանեմ, բայց չեմ կարում»,- ասաց Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս