«Եթե արգելքներն ավելին են, քան պահանջում է ժողովրդավարական սկզբունքները, դրանք համարվում են մարդու հիմնարար իրավունքների քաղաքական պատրվակով սահմանափակումներ». Լարիսա Ալավերդյան

«Ցանկացած որոշում պետք է նկատի ունենա այն բոլոր դրույթները, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին։ Մենք պետք է հստակեցնենք, որ ոչ թե պետք է արգելվեն մարդու ազատություններն ու իրավունքները, այլ պետք է կարգավորեն դրանք իրականացնելու կամքը։ Եթե արգելքներն ավելին են, քան պահանջում է ժողովրդավարական սկզբունքները, ապա դրանք համարվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների քաղաքական պատրվակով սահմանափակումներ»,- 168.am հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի  ընդունած օրինագծին՝ արտակարգ դրությունը կարանտինով փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Ըստ այդ նախագծի՝ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները, որոնցից մեկն էլ կարանտինի սահմանումն է։ Կարանտինը կարող է սահմանվել Առողջապահության նախարարության, մարզպետի, համայնքի ղեկավարի, կառավարության առաջարկով՝ վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում։

Հարցին՝ տարբերությունը ո՞րն է, երկրում արտակարգ դրությո՞ւն է, թե՞ կարանտին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ի սկզբանե այս երկու կարգերն էլ ամբողջովին խառնաշփոթ էին առաջացրել: «Ես, և ոչ միայն, մեր փորձագետները ևս կդժվարանան ասել, թե ինչ ռեժիմ է մտցվում։ Այստեղ ոչ այնքան սահմանափակումներն են, որոնք պետք է նպաստեն զուտ համավարակի կանխմանը կամ տարածմանը, որքան այդ առիթն օգտագործելով՝ սահմանափակեն այն հիմնարար ազատություններն ու իրավունքները, որոնք բոլորին են հայտնի»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Հայաստանը մարտի 16-ից գտնվում է արտակարգ դրության պայմաններում, որը հինգ անգամ երկարաձգվել է։

 

 

Տեսանյութեր

Լրահոս