Ալկոհոլի գործով կասկածյալին երկրորդ անգամ են թեստավորել. «Ունեն չհիմնավորված կասկածանք, թե կորոնավիրուսը կարող է անգամ սարքած լինի»
Ալկոհոլային թունավորման գործով կասկածյալ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց նրա փաստաբան Գոռ Գևորգյանը՝ հավելելով, որ բ/կ-ում կատարված բուժզննումները հաստատել են կորոնավիրուս հիվանդությունը.
«Հայտնաբերվել է սկսվող թոքաբորբ, սակայն երկրորդ անգամ է թեստավորվել, իմ կարծիքով, նախաքննական մարմնի կասկածանքների ներքո: Ինչո՞ւ եմ ասում՝ կասկածանքների ներքո, որովհետև նման մտահոգություններ լսեցի նախաքննական մարմնից, որ ունեն չհիմնավորված կասկածանք, թե կորոնավիրուսը կարող է անգամ սարքած լինի: Ինձ համար շատ ցավալի է դա արձանագրելը, բայց ես նման ակնարկներ լսեցի: Մենք միայն ուրախ կլինենք, որ Աշոտ Հովսեփյանի մոտ չհաստատվի կորոնավիրուս, քանի որ կորոնավիրուսի հաստատման պարագայում (չնայած արդեն ունենք թոքաբորբային վիճակ), իր հիվանդությունների հետ մեկտեղ՝ մենք կունենանք էլ ավելի ծանր խնդիր, քան ապօրինի կալանավորման վտանգը»:
Մեր դիտարկմանը, թե մամուլում հայտնվել են տեղեկություններ, ըստ որոնց՝ եղել է դեպք, երբ Արմավիրում օղուց մահացածների շարքում նշել են նաև չմահացած մարդու, նա արձագանքեց. «Ինձ էլ էր հայտնվել 9 մահացած անձի մասին, սակայն մենք ունենք 7 անձ, որոնք մահացել են»:
Հիշեցնենք, «Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը սկսվել էր սեպտեմբերի 4-ին, հետաձգվել էր. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:
«Ստացիոնար բուժհետազոտության մեջ է գտնվում: Ճնշումը կտրուկ տատանվեց մինչև 180, կրծքավանդակի շրջանում արտահայտված ցավեր ուներ, մթագնած էր, այսինքն՝ հարցերին այդ պահին ոչ ադեկվատ էր պատասխանում, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Երրորդ կարգի հաշմանդամ է, ծանր շաքարային դիաբետով է տառապում, ուղեկցող այլ հիվանդություններ ունի: Այդ սթրեսային վիճակը, մահացածների փաստն իր անվան հետ կապելու հանգամանքը, թերևս, պատճառ հանդիսացան»,- տեղեկացրել էր փաստաբան Գ. Գևորգյանը:
Նիստի քննությունը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում, քանի որ, ըստ փաստաբանի՝ համարել են անհետաձգելի:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը: Նա ձերբակալված է։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է:
Հաղորդագրություն էր տարածել նաև ՍԱՏՄ-ն՝ մասնավորապես նշելով. «Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»: