«Թիվ 1 պատասխանատուն, որի խղճին կա մոտ 1000 մահ, հանգիստ խղճով գնացել է արձակուրդ, լայն ժպիտով սարերից նկարներ է հրապարակում». Աննա Կոստանյան

«Հրավեր չի եղել, սոցիալական մեդիայից տեղեկացանք, որ իշխանական խմբակցությունը որոշակի ներկայացվածությամբ մասնակցել է տոնակատարությանը, և, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի ստացել հրավեր, որի պատասխանը մինչ օրս չունենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Արցախի անկախության տոնին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակության կազմում միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:

Աննա Կոստանյանի խոսքով՝ վերջին շրջանում եղել են տարատեսակ միջոցառումներ, որոնց ընդդիմությունը չի հրավիրվել. «Ամենաթարմը Սարդարապատում տեղի ունեցած միջոցառումն էր, որտեղ ենթադրվում էր, որ նաև ընդդիմության ներկայացուցիչներից գոնե ներկայացուցչական կողմն ապահովելու համար պետք է լինեին, սակայն չկային: Սա տեղ է տալիս մտածելու, որ դառնում է սովորական գործելակերպ իշխանության կողմից»:

Երեկ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց արտակարգ դրության փոխարեն կարանտին սահմանելու գործադիրի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որին դեմ քվեարկեցին ընդդիմադիր խմբակցությունները: Աննա Կոստանյանը նկատեց՝ ԱԺ-ի կողմից ընդունված նախագիծը ենթադրում է ավելի մեծ և լայնածավալ խստացումներ, որոնք կիրառվելու են քաղաքացիների հանդեպ.

«Դա անընդունելի է, դեռևս երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս չի եկել, և ինչքան էլ որ վիրուսը տարածում ունի, և թվերը նախկինի համեմատ այդքան էլ մեծ չեն, այնուամենայնիվ մեր շատ-շատ քաղաքացիներ դեռևս գործազուրկ են, չեն կարողանում աշխատանք գտնել, և եթե հաշվի առնենք նաև այն քաղաքացիներին, որոնք աշխատում էին ՌԴ-ում և այսօր հնարավորություն չունեն գնալ այնտեղ, իրենց աշխատանքը շարունակեն, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի կարիքները հոգան, ապա այս խստացումները միայն բացասական ընկալում կարող են ունենալ քաղաքացիների կողմից: Դա արդեն տեսնում ենք քննարկումների և քաղաքացիների շրջանում բողոքի տեսքով»:

Պատգամավորն ընդգծեց՝ տուգանքների չափն է մեծացել, մոտ 11 տուգանք է նախատեսվում. «Ընդհուպ՝ մինչև ազատազրկման մասին է խոսվում, սակայն այն գործիքակազմը և այն սահմանումները, որ տրված են նախագծում, փաստացի բավարար չեն, որպեսզի որոշող մարմինը, որը, չգիտեմ էլ՝ որ մարմինն է լինելու, որոշի, թե տվյալ քաղաքացին միտումնավոր կամ ոչ միտումնավոր ձևով է վարակի տարածման գործոն հանդիսացել և պետք է ենթարկվի քրեական հետապնդման: Մի խոսքով՝ թերություններ շատ-շատ կային, բայց կայուն մեծամասնության պարագայում ընդդիմության ձայնը մնում է միայն բողոքի տեսքով արտահայտելու ձևաչափում»:

Ինչ վերաբերում է համաճարակի պայմաններում, իշխանության ձևակերպմամբ՝ պատերազմական իրավիճակում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում լինելուն, Աննա Կոստանյանը հետևյալն ասաց. «Ես շատ լավ հիշում եմ առաջնագիծ բառը, որը պարբերաբար շեշտվում էր իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, և իրականում ինձ համար դա ընկալելի և ընդունելի հռետորաբանություն էր:

Եվ այսօր մենք տեսնում ենք, որ առաջնագծի թիվ մեկ պատասխանատուն, որի ոչ միայն պատասխանատվության, այլ նաև խղճին կան մահեր՝ մոտ 1000, այդքանով հանդերձ, հանգիստ խղճով կարողացել է գնալ արձակուրդ, և դա բավական չէ, սոցիալական ցանցում լայն ժպտով սարերից նկարներ է հրապարակում, որ մեկնարկել է իր արձակուրդը: Սա անլուրջ վերաբերմունք է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս