«Լինելու են նոր կարևոր գործառույթներ ԱԺ-ի համար». ԱԺ նոր մասնաշենք կառուցելու համար նախագծանախահաշվային մրցույթ է հայտարարվել
Սեպտեմբերի 3-ին Քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում հայտարարություն էր տարածվել Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայության մատուցման վերաբերյալ: Կոմիտեն հայտարարությանը կից ներկայացրել էր մրցույթին մասնակցելու հայտերի լրացման պաշտոնական հարթակը և հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանել հոկտեմբերի 14-ը։
Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունն իր ֆեյսբուքան էջում կիսվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,
2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,
3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500 հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով
Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար»։
168.am-ն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր մասնաշենքի մասին է խոսքը, ո՞ւմ համար է այն կառուցվելու, ի՞նչ նպատակների է ծառայելու։
«Դրա հետ կապված՝ մենք առանձին հրապարակում կանենք, ուղղակի ասեմ, որ այն պատգամավորների համար չէ նախատեսված։ Իսկ մնացած մասով արդեն ասացի, որ առանձին կասենք։ Նշեմ, որ այն առանձին գործառույթ է իրականացնելու՝ ԱԺ-ի համար շատ կարևոր։ Այս պահին շատ հում գործընթաց է, որի մասին կարելի է խոսել, մենք ընդամենը նախագծման, էսքիզի մրցույթ ենք հայտարարել»,- նշեց Տիգրան Գալստյանը։
Հարցին՝ մյուս մանրամասների համար մենք այժմ սպասե՞նք Ձեր պաշտոնական հայտարարությանը, Տիգրան Գալստյանը պատասխանեց. «Այո, մենք լրիվ մանրամասն կներկայացնենք՝ ինչ է լինելու, ինչ գործառույթներ է իրականացնելու։ Միայն կարող եմ ասել, որ դա պատգամավորների տարածքների մեծացում և այլն չի ներառում։ Լինելու են նոր գործառույթներ, այսինքն՝ ոչ թե գործող գործառույթները պետք է տեղափոխենք, այլ նոր կարևոր գործառույթներ ԱԺ-ի համար»։
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով նոր կառուցվելիք շենքին և հայտարարված մրցույթին՝ նշեց, որ դեռևս որևէ նախագիծ չի ներկայացվել։
«Բոլոր չափորոշիչները դրված են մրցույթի պայմանների մեջ։ ԱԺ նոր մասնաշենքը կլինի ներկայիս շենքի հետևի կողմում։ Այժմյան հիմնական կորպուսից հետո մի մասնաշենք էր արված, ու այնտեղ կան օժանդակ շինություններ, դա պետք է քանդվի և նոր մասնաշենքը կառուցվի այդտեղ, այլ ոչ թե Բաղրամյանի վրա դուրս եկող տարածքում։ Կրկնում եմ՝ հին շինություն կա, դա պետք է քանդեն և նոր մասնաշենք կառուցեն»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։
Նշենք, որ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան գրառման տակ պատասխանել է օգտատերերից մեկի հարցին` նշելով, թե ինչի համար է նախատեսված այդ նոր մասնաշենքը.
«Վերլուծական և փորձագիտական ներուժի ավելացման համապատասխան աշխատանքային և տեխնիկական նշանակության տարածքներով, թվային գրադարանի, ուսուցման կենտրոնի և բազմաթիվ այլ նոր գործառույթների, որ պլանավորված է՝ իրականացնի աշխատակազմը»։