Բաժիններ՝

Նոր թիմ, նոր մարզիչ, նոր մոտիվացիա․ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան

Մրցաշար-Ազգերի լիգա

Վայր-Արենա Տոշե Պրոեսկի, Սկոպյե

Ժամ-17։00

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում։ Այս մրցաշարից առաջ հավաքականում եղել են մի շարք փոփոխություններ, որոնցից ամենակարևորը՝ Խոակին Կապարոսի՝ գլխավոր մարզչի դերում նշանակումն էր։ Բացի այդ, հավաքական են հրավիրվել մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց չեն միացել առաջատարները, օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը։

Հավաքականի համար սա առաջին խաղն է նախընտրական նախորդ բավականին անհաջող փուլից հետո, և հավաքականն ունի նոր մոտիվացիա՝ ապացուցել, որ սերնդափոխվող թիմը կարող է վերադարձնել ազգային հավաքականի համբավն ու երկրպագուների վստահությունը։

Հյուսային Մակեդոնիա

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում հեշտ չհանձնվեց մրցակիցներին, չնայած այն հանգամանքին, որ ընտրական փուլի մեկնարկին Իգոր Անգելովսկու թիմը հաջողության հնարավորություն չէր թողել: «Կարմիր առյուծները» եզրափակեցին ընտրական փուլը երրորդ հորիզոնականում՝ երկրորդ տեղում գտնվող Ավստրիային զիջելով հինգ միավոր:

Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Հյուսիսային Մակեդոնիան գերազանց խաղաց. Հայաստանի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ խմբում գրավեց առաջին տեղը և նվաճեց «C» լիգայի ուղեգիր:

Հայաստան

Հայաստանի հավաքականը, ի տարբերություն իր այսօրվա մրցակցի, վատ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում: Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Լիխտենշտեյնի հետ խմբում հայերը նախավերջինն էին՝ ութ միավոր զիջելով  Ֆինլանդիային։

Հավաքականի վերջին խաղի մասին ոչ ֆուտբոլիստները, և ոչ էլ երկրպագուները հիշել չեն ուզում․ Հայաստանը 1:9 հաշվով պարտվեց Իտալիային՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը։

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, որ իր առաջին խաղն է անցկացնում, նշում է, որ մեծ ոգևորվածությամբ է մոտենում խաղին։ Իսպանացի մասնագետը Հայաստանի ազգային հավաքականը բնորոշում է՝ որպես երիտասարդ ֆուտբոլիստների  և վետերանների խառնուրդ, որտեղ բոլորը շատ ուզում են հաջողության հասնել։

«Այս թիմերի նախորդ հանդիպման մասին պետք է մոռանալ։ Մրցակիցը լավ թիմ ունի, և ափսոս, որ նրանց հիմնական դարպասապահը չի կարողանալու խաղալ։

Թիմի առաջատարի բացակայությունը չի կարող չանդրադառնալ թիմի վրա, բայց մենք կփորձենք կենտրոնանալ և հաջողության հասնել»,- նշում է Կապարոսը։

Վիճակագրություն

Հյուսիսային Մակեդոնիան իր վերջին երեք տնային խաղերից ոչ մեկում չի պարտվել՝ երկու հաղթանակ և ոչ-ոքի

Հյուսիսային Մակեդոնիան հաղթել է տնային վերջին երկու խաղերում

Հայաստանը պարտվել է իր վերջին չորս հանդիպումներում

Անցյալ տարի Հայաստանն արդեն հանդիպել է Հյուսային Մակեդոնիայի հետ։ Սեփական դաշտում Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով հաղթանակ տոնեց։ Ընդհանուր առմամբ, տնային հանդիպումները մակեդոնացիների ուժեղ կողմն են, նրանք ավանդաբար ագրեսիվ են խաղում իրենց հարձակման գծում, հազվադեպ են միավորներ կորցնում։ Ազգային հավաքականին բարդ խաղ է սպասվում, բայց հաղթելը հնարավոր է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս