Ինչո՞ւ է ԱԺ-ում նոր մասնաշենք կառուցվում․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են պետական բյուջեին վերաբերվել սեփական քսակի նման… ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր facebook-յան էջում ԱԺ-ի տարածքում նոր մասնաշենք կառուցելու մասին հայտարարություն է զետեղել… Հետաքրքիր է, ինչի՞ կամ ու՞մ համար է այդ շենքը կառուցվում…
Զավեշտ է, երբ Նիկոլն ու իր թիմակիցները փոխանակ մտածեն, թե դատարկվող Հայաստանում ինչպես անեն, որ կրճատեն պատգամավորների թիվն՝ այդպիսով շեշտակի կրճատելով նաև պետական գումարների ոչ արդյունավետ ծախսը, հիմա էլ ԱԺ-ի տարածքում նոր մասնաշենքի շինարարություն են նախաձեռնել… Մեր երկրի համար ուղղակի ճոխություն է թե՛ 101, թե՛ 131 պատգամավոր ունենալը…
Մեր երկրի համար 60-70 պատգամավոր ունենալը բավարար է ու այն շենքային պայմանները, որոնք հիմա կան ԱԺ-ում, ամբողջությամբ կբավարարեն այդ քանակությամբ պատգամավորների պահանջները… Խայտառակություն է, երբ երկրի տնտեսությունը գահավիժում է, հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և չեն կարող բավարարել գոյատևելու մինիմալ պահանջները, իսկ իշխանությունն էլ միանվագ թուլափայերի միջոցով համարում է, որ կատարել է իր պարտքը հասարակության առաջ այս ճգնաժամային պայմաններում, միլիարդավոր դրամներ են դուրս գրվում պետբյուջեից միլիարդավոր դրամների պարգևավճար ստացող պատգամավորների կարիքները հոգալու համար…
Հ.Գ. Նիկոլը, ով նախորդներին խիստ քննադատության էր ենթարկում միջազգային “վաշխառուներից” պարտքեր վերցնելու համար, հիմա ինքն է այս երկու տարվա մեջ 1,3 միլիարդ դոլարով ավելացրել պետական պարտքը, իսկ բյուջեի գումարներն էլ աննպատակ և անիմաստ ծախսում է սեփական թիմակիցների բարեկեցությունը և կապրիզները կատարելու վրա՝ դա ներկայացնելով որպես պետական շահ…»։