Ո՞վ է «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալի ապագա երեխայի հայրը

Ուշագրավ «բարեփոխումներ» են տեղի ունենում Արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական  հիմնարկներում (ՔԿՀ): Մինչ դրանցից հերթականին անդրադառնալը հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 168.am-ը հրապարակեց Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի կառուցվող շքեղ առանձնատան մասին տեղեկատվություն, ուժային այդ կառույցի ղեկավարը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հարցազրույց «տվեց», որում, անդրադառնալով մեր հրապարակմանը, նշել էր. «Մեկ անգամ ևս փարատեմ ոմանց հույսերը` ովքեր կարծում են, որ ինձ պախարակելով կարող են խոչընդոտել քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումները, չեն հաջողելու»: 168.am-ը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ այս մտքին, որ որոշ «բարեփոխումներ», այնուամենայնիվ, դուրս էին մնացել Ծառայության պետի ուշադրությունից, ու մենք ինքներս հիշեցրինք դրանց մասին՝ խոստանալով հաջորդիվ նորերի մասին ևս տեղեկացնել հանրությանը:

Եվ այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ «բարի արագիլը» շուտով կայցելի ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Պարզվում է, հիմնարկի դատապարտյալ կանանցից մեկը գտնվում է հղիության սկզբնական շրջանում:

Ամեն բան հրաշալի է, սակայն, եթե համավարակով պայմանավորված՝ տեսակցությունները, այդ թվում՝ երկարատև, արգելված են բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ումի՞ց և ինչպե՞ս հղիացավ կին դատապարտյալը, ով արդեն տևական ժամանակ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, սակայն առնվազն մարտ ամսից ի վեր երկարատև տեսակցություն չի ունեցել:

Բժշկական կենտրոնի մեր աղբյուրը նշեց, որ կինը վատ է զգացել, ինչից հետո նրան ՔԿՀ ուղեկցողներով բերել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը, ուր և պարզվել է, որ կին դատապարտյալը հղի է: Նրա հղիությունը տեսանելի չի եղել, բ/կ-ից մեզ ասացին, որ կինն ինքն էլ զարմացել, անակնկալի է եկել, ապա խուճապի է մատնվել՝ հղիության մասին իմանալով:

Թե հիմնարկի ո՞ր աշխատակիցն է երեխայի հայրը, և ի՞նչ է ապագա մայրիկի անունը, հասկանալի պատճառներով չենք նշում, և դա էական էլ չէ, սակայն փաստենք, որ նշանակալից «ձեռքբերում» է հիմնարկում ունենալ այնպիսի բարձիթողի վիճակ, որ հնարավոր լինի նման բան առհասարակ:

Բարի ազատում ապագա մայրիկին, բայց երբ հաջորդ անգամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին անցնի կոշտ միջոցներով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, այդ պայքարը թող սկսի ՔԿ ծառայողների շրջանում ծավալուն բարոյախրատական դասախոսություն կարդալուց:

Տեսանյութեր

Լրահոս