«Հրամանատարներ կային, որոնք մի քիչ դժվար էին պատկերացնում, որ իրենց զուգահեռ՝ կարող է լինել կին հրամանատար. այս մոտեցումն աստիճանաբար փոխվում է». Արծրուն Հովհաննիսյան
Օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարողացել են ընդունել աղջիկ սովորողների և հավաքել մոտավորապես մեկ դասակ:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ևս աղջիկ կուրսանտներ կան բավականին, ավելին, նրանցից ոմանք ընտրել են հրետանավորի մասնագիտությունը:
168.am–ի հետ զրույցում ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ռազմական ուսումնական հաստատություններում աղջիկ կուրսանտների համար համապատասխան պայմաններ ունենալու մասով գլոբալ խնդիրներ չկան:
«Առաջին իսկ օրվանից այդ հարցերը դրված են եղել՝ հագուստ, հանդերձարան, ճաշարան, զուգարան: Այս խնդիրներն այսօր լուծված են, և արդեն 4-5-րդ տարին է, որ աղջիկների ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում հանգիստ կազմակերպում ենք: Բայց պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նրանք զորանոցային պայմաններում չեն սովորում, այսինքն՝ համալսարանում չեն քնում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է արդեն ծառայության ընթացքում հանդիպող խնդիրներին, թե որքանով են զուտ պայմանների առումով մեր զորամասերը պատրաստ ընդունելու կին ծառայողների, հրամանատարների, Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այսօր շատ ավելի պատրաստ են, քան 5-6 տարի առաջ, սա նաև բարոյահոգեբանական առումով:
«Մենք գիտակցում էինք, որ զորքերում կանայք կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ որոշակի լեքսիկոն, հրամանների կատարում, որոշումների կայացում, բայց հանուն արդարության պետք է ասել, որ այդ սառույցը կոտրվում է: Երբ այն ժամանակ նման որոշում էինք կայացնում, գիտակցում էինք, որ կանանց մուտքը զինված ուժեր բերելու է իրավիճակի դրական փոփոխության. տղամարդիկ իրենց չոր, երբեմն՝ կոպիտ խոսակցականը կանանց ուժեղ ազդեցության ներքո փոխելու են:
Եվ մենք, կարելի է ասել, այսօր այդ հարցը լուծում ենք: Իսկ թե որքանով ենք պատրաստ ունենալու զորամասի կին հրամանատար, կենցաղային պայմանների առումով որքանով են զորամասերը հարմար կանանց ծառայությանը, հրամանատարական օղակի մակարդակից չեմ կարող խոսել, իսկ եթե խոսում ենք՝ դասակ, վաշտ, գումարտակ, ապա մեր զինված ուժերի պատմության մեջ նման բան եղել է, մենք ունեցել ենք այդպիսի կին հրամանատարներ, և այսօր էլ լեյտենանտները գնում են կրտսեր հրամանատարական օղակում ծառայում են, և որևէ խնդիր որևէ մեկը չի առաջացրել: Պայմանների մասով նշեմ, որ ընթացիկ հարցեր են լինում, լուծվում են, ոնց որ կլիներ տղամարդկանց պարագայում, տղամարդկանց պարագայում էլ են այդ հարցերն առաջացել: Ճիշտ է՝ կանանց դեպքում մի քիչ սպեցիֆիկ է դա, բայց լուծվում են:
Մեկ այլ հանգամանքի անդրադառնամ. հրամանատարներ կային, որոնք մի քիչ դժվար էին պատկերացնում, որ իրենց զուգահեռ՝ կարող է լինել կին հրամանատար, իրենց հետ ծառայի, և այլն, բայց սա աստիճանաբար փոխվում է, խորհրդային ընկալումները մեզանում տեղ չունեն արդեն: Ինչ վերաբերում է մարտական հերթապահությանը, օրինակ, տարիներ առաջ մենք մարտական հերթապահության մեջ հենց առաջնագծում արդեն ունեինք կանայք, որոնք գումարտակի, վաշտի հրամանատարի մոտ բուժակ էին, և այլն: Իսկ կնոջ հրետանավոր լինելու մասով, ասեմ, որ հրետանավորներն այդ ամեն ինչին ավելի հեշտ են տրանսֆորմացվում: Սկզբում սա խորթ էր, բայց հիմա այդ ծառայությունը սովորական ընթանում է»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: