Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դատարանում հայտնում է, որ չգիտի, թե թատրոնում ովքեր են իր աշխատողները և ինչ պաշտոն են զբաղեցնում. Փաստաբան
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան: Խնդիրն այն է, որ թատրոնի 19 աշխատող մոտ 2 տարի աշխատավարձ չի ստացել:
Սեպտեմբերի 2-ին հերթական դատական նիստն է տեղի ունեցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում:
Աշխատողների շահերը ներկայացնող փաստաբաններից Աշխեն Դաշյանը 168.am-ին հայտնեց, որ հայցվորները ներկայացրել են իրենց ապացույցները, պատասխանող կողմը ևս պարտավոր էր ներկայացնել, բայց, ըստ էության, կրկին նպատակ ունենալով արհեստական հետաձգել նիստը՝ ապացույցներ չեն ներկայացրել:
«Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ իբրև թե չեն տիրապետում ապացույցների: Տարօրինակն այն է, որ մինչ օրս լինելով թատրոնի տնօրեն՝ Լիլիթ Փալանջյանը, ով 2019 թվականից նշանակված է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դատարանում հայտնում է, որ չգիտի, թե թատրոնում ովքեր են իր աշխատողները և ինչ պաշտոն են զբաղեցնում: Դատարանում այսպիսի ելույթն ինքնին կարող է վկայել մի բանի մասին, որ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի ժ/պ-ն, եթե չգիտի՝ ովքեր են իր աշխատողները, ապա դա առնվազն հիմք է իրեն այդ պաշտոնից ազատելու՝ լիազորություններն ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»,- ասաց Աշխեն Դաշյանը:
Փաստաբանի խոսքով՝ ստացվում է, որ այսօր պետության վերահսկողության ներքո գտնվող ՊՈԱԿ-ի տնօրենը, ով վարձատրվում է պետության կողմից տրվող գումարների հաշվին, իր պարտականություններում թերանում է և անիմաստ պետական բյուջեից գումար ստանում:
«Զարմանալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը, լինելով տնօրենի գործատուն, դեռ շարունակում է այդ փաստի վրա աչք փակել, և ձևական նշանակված տնօրենին, ով չգիտի՝ ովքեր են իր 18 աշխատողները, չի ազատում պաշտոնից: Նշվածն արդեն իսկ փաստում է, որ նախարարության կողմից թատրոնի ոչ կոմպետենտ տնօրեն է նշանակվել»,- նկատեց Աշխեն Դաշյանը: