Բաժիններ՝

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները՝ երկու ամիսը մեկ քաղաքապետին, վարչական շրջանների ղեկավարներին հարց տալու առաջարկի մասին

Սեպտեմբերի 8-ին Երևան քաղաքի ավագանու նիստում առաջարկվելու է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխանի ռեժիմում` սահմանելով, որ դրանք ամենամսյա պարբերականության փոխարեն՝ տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ:

Նշվում է, որ փոփոխությունների նպատակն է՝ կանոնակարգել և բարձրացնել ավագանու նիստերի արդյունավետությունը։

«Փորձը ցույց է տվել, որ ավագանու անդամները կարիք են ունենում ելույթ ունենալ օրակարգային հարցերից դուրս թեմաների վերաբերյալ, որի հնարավորությունը գործող կանոնակարգը, ըստ էության, չի ընձեռում։ Այդ նպատակով առաջարկվում է օրակարգային հարցերի քննարկումից հետո ավելացնել մտքերի փոխանակության բաժին, որի ընթացքում ավագանու անդամները հնարավորություն կունենան ելույթ ունենալ իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Այս փոփոխությունը կնպաստի նաև ավագանու ինստիտուտը զարգացնելու և այն ավելի քաղաքական մարմին դարձնելու նպատակին: Աշխատակազմի հետ հարց ու պատասխանին 3 րոպե ելույթով արձագանքելու հնարավորությունն ավելացվել էր օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալու նպատակով։ Քանի որ ավելացվում է հավելյալ, ազատ թեմայով ելույթների բաժին, ապա 3 րոպե ելույթով արձագանքելու հնարավորության կարիքն այլևս չկա։

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, զեկուցողին հարցեր ուղղելուց հետո ավագանու անդամները հաճախ արձագանքելու կարիք են ունենում, որը գործող կանոնակարգը թույլ չի տալիս և որի հնարավորությունը տրվում է սույն նախագծով։ Աշխատակազմի հետ հարց ու պատասխանը ամենամսյա դարձնելու հիմնական պատճառներից էր այն, որ ավագանու նիստերի ընթացակարգը թույլ չէր տալիս օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալ։ Քանի որ սույն նախագծով ավելացվում է օրակարգային հարցերից դուրս ելույթ ունենալու հնարավորությունը, առաջարկվում է հարց ու պատասխանը վերադարձնել նախորդ` երկուամսյա ձևաչափին, բացի այդ, սույն փոփոխությունը չի սահմանափակում հարկ եղած դեպքում յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանի աշխատակազմի հետ հարց ու պատասխան անցկացնելու հնարավորությունը, քանի որ, թե առաջարկվող փոփոխությամբ, և թե «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներում օգտագործվում է «առնվազն» եզրույթը»,- ասված է հիմնավորման մեջ:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.amի հետ զրույցում հայտնեց, որ իրենք դեմ են այս փոփոխությանը:

«Ավելի շատ կողմ եմ ավագանու յուրաքանչյուր նիստից հետո հարց ու պատասխանին, որովհետև դրա միջոցով մի շարք խնդիրներ են լուծվում, քան այս՝ մտքերի փոխանակության ժամանակ: Մտքերի փոխանակության ժամանակ միգուցե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կամ վարչության պետերը ներկա չլինեն, իսկ հարց ու պատասխանի դեպքում բոլորը գալիս են և ամեն վարչական շրջանի, քաղաքացիների հետ կապված խնդրի բարձրաձայնումն այդ նիստում լուծում ստանում էր: Իսկ այս՝ մտքերի փոխանակության դեպքում հնարավոր է, որ չարձագանքեն ավագանու անդամին: Իսկ եթե «Իմ քայլում» նեղվում են, որ մեր խմբակցությունների անդամների թիվը քիչ է, հարցերն արագ տալիս ու գնում ենք, իսկ իրենք մնում են, մինչև հարցերը սպառեն, ապա առաջարկ ունեմ՝ կարող ենք հերթագրումն ավտոմատացված կերպով իրականացնել, խառը հարցերը տանք ու ասենք՝ մեր խմբակցությունը հարց տա 18:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում, ես խնդիր չեմ տեսնում»,- նկատեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով էլ՝ փոփոխությունը երկու կողմ ունի, մի կողմից՝ մտքերի փոխանակությունն անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ անթույլատրելի է տարեկան 4 անգամ հնարավորություն ունենալ քաղաքապետի, վարչության պետերի ու վարչական շրջանների ղեկավարների հետ հարց ու պատասխան ունենալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս