«Ես Ձեզնից եմ իմանում, որ նիստ ա եղել»․ Արման Բաբաջանյանը չէր ներկայացել նիստին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է «ՀՅԴ-ն` ընդդեմ Արման Բաբաջանյանի» գործով դատական հերթական նիստը:
Չնայած դատարանում հայտնել էին, որ Ա. Բաբաջանյանը նիստի մասին պատշաճ տեղեկացված է եղել, պատասխանող կողմից որևէ մեկը ներկա չի եղել: Հատկանշական է, որ, երբ Արման Բաբաջանյանը տեղեկացել էր իր դեմ ներկայացված դատական հայցի մասին, ֆեյսբուքյան էջում գրել էր, թե եթե ՀՅԴ-ն իր ելույթի համար իր դեմ դատական հայց է ներկայացնում, ապա պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ Բաբաջանյանը խոստանում էր ներկայացնել նաև իր ասածներն ապացուցող փաստարկներ: Մինչդեռ այսօր պատասխանող Բաբաջանյանը չէր ներկայացել դատարան: 168.am-ը փորձեց նիստին չներկայանալու պատճառների մասին տեղեկանալ ԱԺ անկախ պատգամավորից:
«Որովհետև չեմ իրազեկվել: Ես Ձեզնից եմ իմանում, որ նիստ ա եղել: Պիտի տեղեկացնեն, չէ՞, որ գնանք: Դե, հիմա ես որ իրազեկված լինեի, կիմանայի, կգնայի անպայման դատավարությանը: Իրազեկված չեմ եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արման Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանը նաև պնդեց, որ ուժի մեջ է իր այն հայտարարությունը, որ ասածների վերաբերյալ դատարանում պատրաստվում է ապացույցներ ներկայացնել:
168.am-ի հետ զրույցում քաղաքացիական գործով ՀՅԴ ներկայացուցիչ, փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասաց, որ պատասխանողը որևէ միջնորդություն չի ներկայացրել գործն առանց իրենց քննելու մասին:
«Այսինքն՝ պատշաճ ծանուցված են եղել ու չեն ներկայացել: Որևէ գրավի միջնորդություն չի եղել իրենց կողմից»,- ասաց Հայկուհի Սեդրակյանը:
Այսօրվա դատական նիստում հայցվոր կողմը հայցի առարկայի հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել: Դրանով հայցվոր կողմը հստակեցրել է, թե ինչպես է պատկերացնում ներողություն խնդրելու ձևը:
«Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ կա՛մ Ֆեյսբուքի միջոցով, այսինքն՝ պատասխանողն իր պաշտոնական էջով ուղիղ եթերով ներողություն խնդրի ու պահպանի այդ նյութն իր էջում, իսկ դրա անհնարինության դեպքում մամուլի ասուլիս հրավիրելով՝ ներողություն խնդրի: Այսինքն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում կա՛մ Ֆեյսբուքով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մամուլի ասուլիսով»,- ասաց փաստաբան Հայկուհի Սեդրակյանը:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ միջնորդությամբ նաև կոնկրետացրել են, թե որ արտահայտություններն են դիտում զրպարտություն, որոնք՝ վիրավորանք, որպեսզի ամբողջ ելույթը չքննվի և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության համատեքսում՝ դատական գործընթացն ավելի թեթևացնելու համար:
«Հայցվորները վիրավորական համարում են «90-ական թվականների սկզբին ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, խմբակ» արտահայտությունները և զրպարտություն են համարում այն մասը, որ իբր Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում է կայացրել պետության դեմ պարտիզանական մարտեր մղել, և ներքին շրջաբերական է այդ մասին շրջանառվել: Բայց, բնականաբար, քննության առարկա է դառնալու ամբողջ ելույթը, որովհետև մենք ինքներս պատասխանողի բարեխղճության հարցը բարձրացնելիս՝ անդրադառնալու ենք ելույթում հնչեցված բոլոր արտահայտություններին: Այսինքն՝ որպես ապացույց՝ ելույթը պիտի ուսումնասիրվի դատարանում ամբողջությամբ»,- մանրամասնեց Հայկուհի Սեդրակյանը՝ նշելով, որ դատարանը թույլատրել է փոփոխությունը, և պատասխանողը կունենա ժամանակ իր պատասխանը ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ տարեսկզբին՝ հունվարի 8-ին, ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:
Դիմումի հիմքում Արման Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթն է:
Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: Իսկ հետո, երբ տեղեկացել էր իր դեմ եղած դատական հայցի մասին, ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՀՅԴ կուսակցության հայցը կապված է այն ելույթի հետ, որտեղ՝ անդրադառնալով «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից՝ մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»:
ՀՅԴ Գերագույն մարմինը պատգամավորից պահանջում է հասցրած վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և 1 դրամ փոխհատուցում տալ, իսկ արված զրպարտության համար վճարել ևս 1 դրամ փոխհատուցում: