ՀՅԴ-ն և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատարանում կհանդիպեն ապրիլի 14-ին

Տարեսկզբին՝ հունվարի 8-ին, ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին, որը դատական հայցը վարույթ ընդունելու մասին որոշում էր կայացրել:

Արդեն նշանակվել է առաջին դատական նիստի օրը, և ՀՅԴ-ն ու Արման Բաբաջանյանը դատարանում կհանդիպեն ապրիլի 14-ին:

Հիշեցնենք, որ դիմումի հիմքում Արման Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած  ելույթն է:

Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: Իսկ հետո, երբ տեղեկացել էր իր դեմ եղած դատական հայցի մասին,  ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՀՅԴ կուսակցության հայցը կապված է այն ելույթի հետ, որտեղ՝ անդրադառնալով «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից՝ մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»:

Բաբաջանյանը նաև նշել էր, որ, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իր դեմ դատական հայց է ներկայացնում, ապա պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ Բաբաջանյանը խոստանում է ներկայացնել նաև իր ասածներն ապացուցող փաստարկներ:

Տեսանյութեր

Լրահոս