Եթե ոչ՝ Մեսսին, ապա՝ Սուարեսը․ Նեյմարը գործընկեր է փնտրում
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է փոխել ակումբն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ Diario Sport-ի՝ ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբի հարձակվող Նեյմարը վաղուց էր ցանկանում թիմում տեսնել Սուարեսին: Մասնավորապես, երկու տարի առաջ ֆուտբոլիստը խնդրել էր ՊՍԺ-ի ղեկավարությանը ձեռք բերել Սուարեսին:
Բրազիլացին «Բարսայի» հարձակվողին համարում է իր համար իդեալական գործընկեր: Այս միտքը նրա մոտ առաջացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Բավարիայի» դեմ խաղում (0:1), երբ ՊՍԺ-ն չէր կարողանում դիպուկ իրացնել հարվածները։
Ֆրանսիական ակումբը սպասում է, թե ինչպես կզարգանա իրավիճակը Սուարեսի շուրջ: Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք խաղացողի պայմանագիրը «Բարսայի» հետ կխզվի: Մինչ այժմ փարիզցիները չեն շփվել ուրուգվայցու հետ:
Հիշեցնենք, որ Սուարեսն ընդգրկված չէ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում: Այս մասին մասնագետը հեռախոսազրույցում արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենթուսը»:
2019/20 մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել 16 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը խնդրել էր ՊՍԺ-ի ղեկավարությանը գնել Մեսսիին։
Սիրարփի Աղաբաբյան