«Մեծ, ահռելի տարբերություն չէ, աննախադեպ ասելով՝ նկատի ունենք, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը մեզ վրա չի ազդել, և կարողացել ենք լուրջ արդյունք գրանցել». Արմեն Ավթանդիլյան

Ավարտվել է հուլիսի 1-ին մեկնարկած ամառային զորակոչը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը հպարտությամբ և ուրախությամբ փաստեց, որ ամառային վերջին 4 զորակոչերի հետ համեմատած՝ այս զորակոչին ունեցել ենք ամենաբարձր ցուցանիշը:

«Շատ հետաքրքիր է՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում ներկայացվածների ամենամեծ թվաքանակն ենք ունեցել՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՌԴ-ից: Սա ես կապում եմ վարչապետի ցուցումների հետ արտգործնախարարին, որի շրջանակում հյուպատոսական և դիվանագիտական մարմինների միջոցով ցուցակագրել են հեռավոր և մոտակա արտասահմանում գտնվող զորակոչիկներին և կազմակերպել չարտերային չվերթեր, բոլոր մեր զինակոչիկները ներկայացել են և զորակոչվել բանակ: Այսինքն՝ սա հնարավոր է եղել մեր և Արտգործնախարարության կազմակերպված աշխատանքի արդյունքում: Կրկնում եմ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում ամենամեծ «յավկեն» ենք ունեցել և խուսափածների ամենացածր թվաքանակը: Զորակոչը մենք գերակատարել ենք 123 տոկոսով»,- նշեց նա:

Հարցին՝ նախկին տարիներին զորակոչային աշխատանքները թերի՞ են կատարվել, որ ունեցել ենք այլ թվաքանակ, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն արձագանքեց՝ ոչ:

«Մեծ, ահռելի տարբերություն չէ: Ասածս այն է, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը մեզ վրա չի ազդել, մենք արել ենք ամեն ինչ, չափորոշիչները լրիվ պահել ենք»,- ընդգծեց գնդապետը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ աննախադեպ ասելով՝ նկատի ունենք, որ համավարակի պայմաններո՞ւմ եք կարողացել լուրջ արդյունք գրանցել, Ավթանդիլյանը պատասխանեց.

«Այո, սա և՛ քովիդի պայմաններում, և՛ տավուշյան մարտական գործողությունների: Դուք լավ գիտեք, թե ինչ սահմանափակումներ կային քովիդով պայմանավորված՝ քաղաքացիների՝ երկրից երկիր տեղաշարժի մասով: Բայց Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունները գործադրել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ զինակոչիկի հարցն առաջնահերթություն է, դրա համար էլ մենք ունենք ամենալավ ցուցանիշը»:

Թե ՀՀ որ մարզերից են ամենաշատ զորակոչիկները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ասաց, որ գրեթե նույն թվաքանակն է բոլոր մարզերում. տարբերությունը 0.1-0.3 տոկոս է:

Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ զորակոչիկների մեջ կան նաև ծառայության իրավունք ունեցող սփյուռքահայեր՝ Սիրիայից, Լիբանանից:

Մեր զրուցակիցը հարկ համարեց շեշտել, որ թեպետ զինակոչիկների ծնողների անմիջական ներկայությունը վիճակահանությանը չի ապահովվել՝ համավարակով պայմանավորված, սակայն առցանց տարբերակով նրանք հնարավորություն են ունեցել հետևել վիճակահանության գործընթացին:

«Օրինակ, Մեղրիից զորակոչվածի հայրը, մայրը Մեղրիի զինկոմիսարիատում նստած հետևել է վիճակահանությանը: Այսինքն՝ ինչ պիտի տեսներ հավաքակայանում, օնլայն տարբերակով տեսել է իրենց տարածքում»,- ամփոփեց Արմեն Ավթանդիլյանը:

Հավելենք, որ երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին տարիների հետ համեմատած՝ աննախադեպ արդյունք են գրանցել զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցության առումով:

«Վերջին 5-6 տարիների ընթացքում զորակոչային ռեսուրսի և զորակոչվածների թվաքանակի հարաբերակցությունն այսքան բարձր չի եղել»,- նշել է նա: 

Տեսանյութեր

Լրահոս