«Կարմիր Խաչի օգնությամբ Նարեկ Սարդարյանից ընտանիքը նամակ է ստացել». Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավար
Հուլիսի 11-ին Սիսիանի ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ անհետ կորել է Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։
Հինգ օր անց՝ հուլիսի 16-ին, հաղորդագրույուն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը, նշելով, որ Նարեկ Սարդարյանը Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում անասուներին որոնելիս մոլորվել է և հայտնվել Նախիջևանի տարածքում, որտեղ Ադրբեջանի կողմից գերեվարվել է։
Նշենք նաև, որ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը երկու ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։
«Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ. դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան), Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի»,- գրել էր նա։
Այսօր 168.am-ի հետ զրույցում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել էր, որ Նարեկ Սարդարյանին այցելել են օգոստոսի սկզբին և հնարավորություն են տվել կապ պահել ընտանիքի անդամների հետ։
Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավար Լյովա Արզանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկ Սարդարյանին և նրա ընտանիքին լավ է ճանաչում։
«Նարեկը խելոք, աշխատասեր տղա է, ինքը՝ իր գործերը։ Ամուսնացած է, երկու անչափահաս տղա ունի, ապրում է ծնողների ու եղբոր հետ։ Հայրը վատառողջ է, ընտանիքն էլ հացը վաստակում է սեփական աշխատանքով։ Տեղյակ եմ, որ «Կարմիր Խաչի» օգնությամբ Նարեկ Սարդարյանից ընտանիքը նամակ է ստացել, սակայն դրա բովանդակության մասին որևէ տեղեկություն չունեմ։ Դե հիմա ընտանիքում Նարեկի եղբայրն է աշխատում, նա է պահում ընտանիքին, հուսանք, կկարողանան Նարեկին վերադարձնել Հայաստան»,- եզրափակեց Լյովա Արզանյանը։