Գուրգեն Ալավերդյանին տեսակցելու համար «Կարմիր խաչը» երկու կողմի իշխանությունների հետ երկխոսության մեջ է. Զառա Ամատունի
«Կարող եմ հաստատել, որ Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի հարցի հետ կապված մեր կազմակերպությունն այս պահին գտնվում է երկխոսության մեջ երկու կողմի իշխանությունների հետ։ Սովորաբար այցելության հետ է կապված լինում երկխոսությունը, այս պահին այդ երկխոսությունը շարունակվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող մյուս ՀՀ քաղաքացիներին և զինվորականներին, Զառա Ամատունին ասաց, որ նրանց այցելությունները պարբերական են լինում։
Ինչ վերաբերվում է հուլիսին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ նրան այցելել են օգոստոսի սկզբին և հնարավորություն են տվել կապ պահել ընտանիքի անդամների հետ։
Նա նաև տեղեկացրեց, որ, երբ այցելեն սպա Գուրգեն Ալավերդյանին, նրա պահման պայմանների մասին չեն բարձրաձայնելու. «Այդ թեմաները լինելով մեր ուշադրության կենտրոնում, ամեն դեպքում մեր և իշխանությունների միջև քննարկվելիք թեմա է, և հանրային հարթակում դրանց մասին մեկնաբանություններ չենք տալիս»,- եզրափակեց Զ. Ամատունին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է՝ որպես դիվերսանտ»,- գրել էր նա։
Ավելի ուշ, ՊՆ խոսնակը գրել էր, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:
Հիշեցնենք, որ այս պահին սպա Գուրգեն Ալավերդյանի հետ Ադրբեջանում են գտնվում ՀՀ ևս 4 քաղաքացիներ՝ Նարեկ Սարդարյանը, Սյունիքի դաշտերում կովերին արածեցնելիս՝ մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի սահմանում։ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանում է պահվում նախորդ տարվա օգոստոսից։ Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թվականից պահվում է Ադրբեջանում, իսկ 2014 թվականից էլ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։
Նշենք, որ Կարեն Ղազարյանին, Արայիկ Ղազարյանին և Արսեն Բաղդասարյանին Կարմիր խաչը վերջին անգամ այցելել է այս տարվա փետրվարին։