Ինչ մեսիջներ է հղում ՌԴ-ն ՀՀ իշխանություններին
Ինչպես հայտնի է` օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք, լինելով Ադրբեջանի աջակիցը, նաև հակամարտության կողմ են: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ այս պայմաններում Հայաստանի վարքագիծը բխում է առկա իրողություններից և աշխարհաքաղաքական այն միջավայրից, որում տվյալ պահին գտնվում ենք։ Փաստացի Թուրքիան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականությունը կյանքի կոչելու համար հենվում է թուրքական ներկայության վրա և հանդես է գալիս՝ որպես ամբողջ աշխարհում թյուրքական տարրի գլխավոր պաշտպան:
Ըստ էության՝ մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ ակնհայտորեն ընթանում են աշխարհաքաղաքական և կոնկրետ տարածաշրջանային բացահայտ վերադասավորումներ, և միանշանակ է, որ տարածաշրջանում Թուրքիան փորձում է իրականացնել «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայտնի դրույթը։
Ասվածին զուգահեռ՝ եթե փորձենք ներկայացնել այս համապատկերում ՀՀ իրավիճակն ու անվտանգային ռիսկերը, ակնհայտ է, որ Ռուսաստանը ներկայումս զսպող գործոն է հայ-թուրքական սահմանին, ինչը ՀՀ գործող իշխանության կողմից այդքան էլ խորքային ու բովանդակային առումներով չի ընկալվում, ավելին, հաճախ այս թեման դառնում է շահարկումների առիթ։
Վերջին շրջանում նկատելի է դառնում, որ հայաստանյան իշխող տարբեր շրջանակների կողմից ակնհայտ հակառուսական տրամադրություններ են քարոզվում, որոնք հստակ մշակված քաղաքական բաղադրիչ են պարունակում։ Բացի այն, որ օրվա իշխանությունը չունի որևէ հստակ քաղաքական գաղափարական հիմք, չունի նաև որևէ քաղաքական վեկտոր, քանի որ երկուսուկես տարվա ընթացքում այդպես էլ չհասկացանք, թե Փաշինյանն ու նրա թիմը դեպի որ բևեռ են փորձում տանել ՀՀ-ն և որ աշխարհաքաղաքական միավորի հետ են փորձում հարաբերություն խորացնել։
Դժվար է չհամաձայնել, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները հասել են «պատմական մինիմումի», ավելին, որպես այդպիսին՝ հարաբերություններ գրեթե գոյություն չունեն, ինչն ուղղակիորեն վկայում է անհեռատես ու չհաշվարկված քաղաքական կուրս վարելու մասին։
Վերջին շրջանում, տարբեր առիթներով ՌԴ-ի կողմից հնչում են մեսիջներ, որով, ըստ ամենայնի, փորձ է արվում հայաստանյան իշխանություններին որոշակի ուղերձներ հղել։ Մասնավորապես, իր տարբեր ասուլիսներում ու հարցազրույցներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնհայտ ՀՀ-ի դեմ ուղղված թեզեր է շրջանառում՝ Արցախի հարցի փուլային տարբերակի, տավուշյան դեպքերում հայկական կողմի դրսևորած քայլերի և այլ առումներով։
Սա կապված է նաև ԱԳ նախարարության ակնհայտ ձախողված քաղաքականությանը, երբ փաստացի նախարարն իր տեղում չի և չի իրականացնում իր լիազորությունների շրջանակում մտնող համապատասխան գործունեությունը։
Ասվածի մասին խոսելիս պետք է փաստենք, թե որոնք են այն պատճառները, երբ Ռուսաստանը փաստացի սկսեց չվստահել և բավականին կասկածանքով վերաբերվել «նոր» Հայաստանի հեղափոխական իշխանություններին։
ՌԴ իշխանություններն ուղղակի ունեն փայլուն հիշողություն և չեն մոռացել, թե այսօրվա իշխանության կազմում գտնվող անձինք որքան ատելությամբ էին խոսում ՌԴ-ի հանդեպ մինչև իշխանության գալը, ինչ ակտիվ հակառուսական քարոզ էին իրականացնում երկրի ներսում և արևմտյան կառույցների կողմից կազմակերպված ինչ հակառուսական ու հակապուտինյան պիկետների էին մասնակցում։
Վերջին երկուսուկես տարիների ընթացքում փաշինյանամերձ լրատվականները բացահայտ քննադատում են հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ վարած քաղաքականությունը և անձամբ Վլադիմիր Պուտինին։
Ի դեպ, հակապուտինյան և ԵԱՏՄ դեմ տարբեր խմբագրականներ է գրում նաև անձամբ Փաշինյանը (իհարկե, դա անում է անոնիմ)՝ բացահայտ քննադատություն ու պարսավանք հնչեցնելով ռուսական շրջանակների նկատմամբ։ Այս առումով իշխանությունների կողմից վարվում է բավականին ցինիկ ու մեծամիտ քաղաքականություն, ինչի արդյունքում նրանք ուղղակի կտրվել են իրականությունից՝ չհասկանալով, որ այդ իրականության զգացողության կորուստն ուղղակիորեն հանգեցնում է իշխանության կորստի՝ ուրիշ ոչինչ։
Բանը հասել է նրան, որ այդ ցինիզմի դրսևորումներն ուղղակիորեն ազդում են ՀՀ անվտանգության վրա և առաջիկայում կարող են դառնալ պետականությանը սպառնացող կայացած իրողություն։
Վերջին շրջանում իշխանության և նրա քարոզչական մեքենայի համար «մատի փաթաթան» է դարձել հուլիսին Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունները, և փորձում են այն օգտագործել՝ ինչպես ներքաղաքական շահարկումներում, ավելի կոնկրետ՝ Ապրիլյան քառօրյան հնարավոր բոլոր ձևերով ստվերելու համար, այնպես էլ՝ միջազգային հարթակում որպես հաղթաթուղթ օգտագործելու համար։ Հենց դրանով է պայմանավորված, որ իշխանությանը սպասարկող լրատվականներն օրնիբուն քարոզում են հենց այս թեզերը։
Այսօր ունենք մի իրականություն, երբ կանգնած ենք բացահայտ քարուքանդ արված արտաքին ոլորտի դեմ, թերևս, սա միակ բանն է, ինչը կատարյալ է ստացվում Նիկոլ Փաշինյանի մոտ՝ արժեզրկել, վերացնել գոյություն ունեցող քաղաքական ու դիվանագիտական կապիտալը, ինչպես նաև հիմնովին ու անդառնալի ավերել մինչ իրեն որոշակի մակարդակի վրա գոյություն ունեցած հարաբերությունները։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Հավանաբար նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք ուղղված են ՀՀ նախկին իշխանություններին, շատ ավելի բիրտ ու կոպիտ են, քան թշնամական Թուրքիայի, առավել ևս՝ Ադրբեջանի հասցեին ուղղված գործելաոճը։ Ըստ էության սա փաստ է, որը կարելի է ապացուցել Փաշինյանի վերջին երկու տարում արված տարբեր հայտարարություններում։