«Ադրբեջանը նպատակ չունի հարցին լուծում ապահովել՝ գիտակցում է, որ Արցախյան կողմի մասնակցությունը նույնպես պետք է ապահովել». Վահրամ Բալայան

«Վերջին տարիներին Թուրքիան անընդատ ձգտում է մասնակցել Արցախի հարցի բանակցային գործընթացին, փորձեր է անում այդ առաքելությունն իր վրա վերցնել։ Սրա նպատակն այն է, որպեսզի կարողանա Ադրբեջանի տեսակետը, մոտեցումները փորձել միջազգային հանրության անունից ներկայացնել և ինչ-որ տեղ այդ ամենը նյութականացնել։ Հետևաբար, այս ամենի մեջ կարելի է դիտարկել նաև Թուրքիայի Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը»,- 168.amի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել էր հաղորդավարի հարցերին։

Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու, երկու պետություն, մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։

Հ. Աքարը նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։
Վահրամ Բալայանի խոսքով՝ թուրքական կողմը միշտ էլ հանդես է եկել նման հայտարարություններով, այդ թվում՝ հուլիսյան դեպքերի ժամանակ նրա պահվածքը համահունչ էր այդ հայտարարություններին։

Ըստ նրա, հայակական կողմն իր բոլոր ռեսուրսներով ու ուժերով պետք է պայքարի, որպեսզի Թուրքիան իր նպատակներին չհասնի։
«Արցախի հիմնահարցի վերջնական լուծում ստանալու համար Արցախի ժողովուրդը նույնպես պետք է իր խոսքն ասի, բնականաբար, այդ բանակցային գործընթացի մաս պետք դառնա Արցախը։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Ադրբեջանը նպատակ չունի հարցին լուծում ապահովել, որովհետև քաջ գիտակցում է, որ Արցախյան կողմի մասնակցությունը նույնպես պետք է ապահովել։ Հետևաբար՝ Ադրբեջանը որքան շուտ սա ընկալի, հարցն այնքան շուտ և հեշտ կլուծվի»,- հավելեց Վ. Բալայանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ հայկական կողմից թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ուժերը ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլև դիվանագիտական ուղիներով պետք է փորձեն միջնորդ երկրներին եվրոպական կառույցներին՝ ԵԽԽՎ-ին ու այլ կառույցների, ներկայացնեն Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումները և խոսեն դրա մասին։

Տեսանյութեր

Լրահոս