«Թուրքիան ուզում է ոչ թե սողոսկել Արցախի բանակցությունների մեջ, այլ ցույց տալ իր հավակնությունները մեր տարածաշրջանում». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։

Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների, ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու, երկու պետություն, մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի արգործնախարարի հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիան միշտ էլ եղել է հակամարտության կողմ, պարզապես ձևականորեն այդ ամենը ժխտում էր, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ հակամարտության կողմ էր, որովհետև բոլոր դեպքերով միակողմանիորեն պաշտպանում է միայն Ադրբեջանին։

«Թուրքիան, փաստորեն, հիմա ճանաչում է այդ փաստը, որ ինքը միշտ էլ եղել է Ադրբեջանի կողմը։ Այնպես որ, այստեղ որևէ նորություն չկար, պարզապես նրանք ձևական առումով են նման հայտարարարություն անում։ Կարծում եմ՝ այս հայտարարությամբ Թուրքիան ուզում է ոչ թե մտնել, սողոսկել Արցախի հարցի շուրջ բանակցությունների մեջ, որովհետև չի կարողանալու՝ ակնհայտ է, միակ նպատակն այն է, որ ցույց տա իր հավակնությունները մեր տարածաշրջանում։ Այսինքն՝ ցույց տա, որ մեր տարածաշրջանում ունի այնպիսի կարևորություն, որ հանդիսանում է Արցախյան հակամատության կողմ, սա է Թուրքիայի հայտարարության նպատակը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Իսկ կա՞ն նախադրյալներ, ըստ որոնց՝ Թուրքիան տարածաշրջանում ձեռք կբերի գերիշխող դիրք, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ այստեղ պետք է նշել երկու հանգամանք։ Առաջինը՝ Թուրքիան նման հայտարարությամբ հռետորաբանական մակարդակով է ցույց տալիս, որ ցանկանում է տարածաշրջանում դառնալ առաջատար ուժ։ Երկրորդը՝ Թուրքիան այդ ուղղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ բավականին երկար ժամանակ ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Նախիջևանում։

«Բացի այդ, Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ Թուրքիան աննախադեպ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանին օգնելու համար՝ ռազմական առումով։ Այնպես որ, Թուրքիան որոշակի քայլեր ձեռնարկում է։ Կրկնում եմ՝ Թուրքիայի հռետորաբանությունը միշտ նրա քաղաքականության առանձնահատկությունն է, մասնավորապես՝ Էրդողանի վերջին տարիների քաղաքականության համար, որ հռետորաբանությունը միշտ առաջ է գնում իրական քայլերից։ Հռետորաբանական մակարդակով իրենց նպատակները ցույց են տալիս, հետո սկսում են դա իրականացնել։ Նույն բանը տեղի է ունենում Հարավային Կովկասում, ավելի վաղ դա տեղի ունեցավ Հյուսիսային Սիրիայում, Լիբիայում, երբ նման հռետորաբանություն հնչեց, հետո արդեն կոնկրետ ագրեսիա տեղի ունեցավ, այնպես որ, նույն բանը նրանք փորձում են անել նաև Հարավային Կովկասում»,- շեշտեց նա։

Հարցին, ի՞նչ պետք է անի Հայաստանն այս դեպքում, որո՞նք պետք է լինեն հակակշռող քայլերը, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Հայաստանի ամենակարևոր զսպող քայլը՝ քաղաքականությունը, ՀՀ զինված ուժերի հզորությունն է, որին ականատես եղան հուլիսյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

«Մենք տեսանք, որ մեր Զինված ուժերը և՛ կազմակերպվածության, և՛ կոնկրետ գործողությունների մակարդակով շատ բարձր է պատրաստված։ Առաջին հնարավորությունը, որ մեր տարածաշրջանում պահպանվի կայունությունը, դա մեր զինված ուժերի հզորությունն է, դա ամենակարևոր զսպման մեխանիզմն է։ Մենք նաև շատ մանրակրկիտ պետք է հետևենք Թուրքիայի բոլոր քայլերին և փորձենք հասկանալ այդ քայլերի նպատակները, որովհետև, ինչպես ասացի, կարող է լինել հռետորաբանություն, այնուհետև՝ գործողություններ։ Այդ հռետորաբանությունն ուսումնասիրելով՝ պետք է հասկանալ, թե Թուրքիան ինչ գործողություններ կարող է ձեռնարկել, որպեսզի մենք դրան պատրաստ լինենք։ Այնպես որ, շատ ուշադիր պետք է ուսումնասիրել Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները և բոլոր այն հոդվածները, որոնք լույս են տեսնում Թուրքիայում։ Նաև մեր դաշնակիցների հետ պետք է անընդհատ լինենք կապի մեջ։

Մեր ռազմաքաղաքական դաշնակիցը Ռուսաստանն է, այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան իրեն, այսպես ասած, շատ վատ է դրսևորում նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ արևելյան Միջերկրական ծովի շրջանում, ինչը նաև դժգոհություն է առաջացրել Թուրքիայի արևմտյան դաշնակիցների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ, Միացյալ Նահագների, Ֆրանսիայի մոտ»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս