Էդուարդ Աղաջանյանը չմեկնաբանեց, թե վարչապետի առանձնատան վերանորոգման համար որքան գումար է հատկացվել
«Վարչապետն ինքն իր համար որևէ բան չի գնել և չի գնում, դրանք պետական գնումներ են, որոնք գնվում են պետական կարիքների համար: Խոսքը նաև Կոնդի առանձնատների մասին է, որը պետության գույքն է: Որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, թվերը չեմ կարող հրապարակել»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացված 2 միլիոն դոլարին:
Նրա խոսքով, երբ առանձնատան վերանորոգումը լինի, պետական գույքի համապատասխան ռեգիստրում դրա շուկայական արժեքը համապատասխանաբար կավելանա, և այդ ամենը բոլորին հասանելի կդառնա:
Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ տրամադրվել են բոլոր այն փաստաթղթերը, թե վերանորոգման համար որքան գումար է ծախսվել, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խիստ կասկածում է, որ նման բան է եղել, բայց այդուհանդերձ կստուգի:
Թե որքա՞ն գումար է արժեցել ՀՀ վարչապետի ամերիկյան այցը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ տվյալներին չի տիրապետում:
Հաջորդ հարցին, ի վերջո, քանի՞ մեքենա է գնվել Կառավարության աշխատակազմի համար, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ տվյալներ փոխանցելու համար իրավասություններ չունի:
Նա նաև հերքեց այն լուրերը, որ գնված զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է վարչապետի տիկնոջը:
«Այն ավտոմեքենան, որը սպասարկում էր վարչապետին, մեղմ ասած, բավականին հին ու շարքից դուրս եկած մեքենա էր, որը տարիներ առաջ պետք է դուրս գրվեր: Այն անվտանգության խնդիրներ առաջացնող մեքենա էր, որը նախկին իշխանություններն էլ չեն օգտագործել: Սերժ Սարգսյանն իր առանձին մեքենան ուներ, այն պետական չէր»,- ընդգծեց Է. Աղաջանյանը:
Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում
Զվարթ Խաչատրյան