«Չեմ բացառում, որ Մոսկվան կճանաչի Արցախի անկախությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակով»․ Տարասով
Մինչ Հայաստանում փոխվում են արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման կանոնները և ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դարձնում «դեղատոմսով», Արցախում մտադիր են ավելացնել Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ռուսաստանում է հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում, ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ վերոնշյալ փոփոխությունները կիրականացվեն օրենսդրական փոփոխության միջոցով։
Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու համար նախագահի հանձնարարականը՝ առաջիկայում երկրի ամբողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:
Առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին»,- նշվում է գրառման մեջ։
Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանի ոչ քաղաքական որակված վերոնշյալ որոշումը բուռն արձագանքի արժանացավ Մոսկվայից, դրան արձագանքեց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Ռուսերեն լեզվով պրոդուկտի հեռարձակման կանոնների փոփոխությունը Մոսկվայից առավելապես մեկնաբանում են՝ որպես քաղաքական, այլ ոչ՝ տեխնիկական որոշում, որը պետք է ծառայի հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքին և մայրենի լեզվի անվտանգությանը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ավելի վաղ քննադատել էր Երևանում քննարկվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը՝ այն որակելով բացառապես քաղաքական։ Այս անգամ մեզ հետ զրույցում նա, բնականաբար, ողջունեց Արցախի իշխանությունների կայացրած այս որոշումը, դրա հիմքում քաղաքական հստակ հաշվարկներ նկատելով և սա ևս որակելով քաղաքական որոշում։
Ըստ նրա, Արցախի իշխանությունները ճիշտ են մտածում և համարժեք են գնահատում իրավիճակն իրենց շուրջ․ «Նրանք թերթեր են կարդում, հեռուստատեսություն են դիտում, նրանք ոչ թե ռոմանտիկներ են, այլ պրակտիկներ»։
Տարասովի խոսքով, Արցախում հասկանում են, թե ով է ուժեղը և խաղադրույքներ են անում՝ հաշվի առնելով իրենց շուրջ միջավայրը, որում միակ պատմական բարեկամը Ռուսաստանն է։
«Պատմականորեն Ստեփանակերտում եղել են ռուսական ռազմական միավորներ, այնտեղ ծառայել է կիրթ ռազմական մտավորականություն, Ստեփանակերտի դպրոցը բավականին հեղինակավոր է եղել, այնտեղից միանգամից ընդունվել են Մոսկվայի Ն․ Բաումանի անվան պետական համալսարան, դրանք ուժեղ դպրոցներ էին, Ղարաբաղի հայկական մտավորականությունը ուժեղ է, փայլուն կրթված, գավառական չէ։ Նրանք, ի դեպ, նշեմ, տարբերվել են ողջ հայությունից։ Նրանք ճիշտ որոշումներ են կայացնում ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են դուր գալ Ռուսաստանին, նրանք առաջին հերթին մտածում են իրենց սեփական շահերի մասին, սեփական անվտանգության մասին, սեփական ապագայի մասին, մինչդեռ Երևանն անհասկանալի խաղերի մեջ է, չենք հասկանում, թե ինչ են ցանկանում, ինչու են սահմանափակումներ մտցվում, երբ չկա հակահայկական պրոպագանդա մեր եթերում, մենք թշնամական դիրքորոշում չունենք, բնական է, որ դա բազում հարցեր է առաջացնում»,- ասաց Տարասովը։
Ռուս քաղաքական վերլուծաբանն այն կարծիքին է, որ Մոսկվան հեռանկարում Արցախի վրա խաղադրույքներ անելու է։ Նրա համոզմամբ՝ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, դա փաստ է, և դրա ընկալումը կա նաև ՌԴ համապատասխան շրջանակներում՝ անկախ այն հանգամանքից՝ ցանկանո՞ւմ է Ադրբեջանը դա, թե՞ ոչ։
«Տեսնում ենք, որ տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում, որոնցում Արցախի նշանակությունը փոխվելու է։ Ադրբեջանն արդեն դժվարանում է բազմավեկտոր քաղաքականություն վարել, ուստի Արևմուտքից, Ռուսաստանից և Թուրքիայից ընտրում է թուրքերին՝ որպես հիմնական դաշնակից, իսկ դա փոխում է Արցախյան հակամարտության և Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է, և արդեն բարդ է լինելու Արցախյան հակամարտությունը դիտարկել՝ որպես առանձին խնդիր, իսկ այս իրավիճակում Արցախի իշխանությունները ճիշտ որոշումներ են կայացնում, և ռուս-արցախյան հարաբերությունները կարող են խորանալ»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։
Նրա որակմամբ՝ փաստ է, որ Ռուսաստանը համակրում է Ղարաբաղի հայերին։
«Հիշենք նաև այն, որ, երբ Վրաստանի հետ պատերազմը սկսվեց, Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, Աստված չանի, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, չեմ բացառում նաև, որ Մոսկվան ճանաչի Արցախի անկախությունը»,- ասաց Տարասովը՝ դա որակելով՝ որպես ապագա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներում ուրվագծվող քայլ։
Իսկ ինչ վերաբերում է ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակին և Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով ձևաչափով առաջին բանակցություններին՝ Տարասովն ասաց, թե տեսնում ենք այն, որ Ադրբեջանի արտգործնախարարը դեռ սովորում է «թռչել», և դեռ շատ ժամանակ, շատ հանդիպումներ ու բանակցություններ են հարկավոր, որպեսզի այդ պաշտոնյան իսկապես սովորի դա անել։
«Այս բարդ իրավիճակում, երբ հարկավոր է վերացնել առկա վտանգները, տվյալ հանգամանքն անկանխատեսելիություն է հաղորդում։ Գիտեք՝ Մամեդյարովը վարպետ էր, կարողանում էր նման իրավիճակներում ուժային բաղադրիչը թուլացնել, նա կարողանում էր լուրջ հարցեր լուծել, դուրս գալ փակուղային իրավիճակներից, իսկ այսօր արտաքին քաղաքականությունը հայտնվել է Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո, իսկ նա սկսել է խաղադրույքներ կատարել ուժային տարբերակի վրա, բայց դա պարտվողական դիրքորոշում է։ Սա է, որ պետք է հասկանալ այս փուլում և առաջ շարժվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Մոկսվայում օգոստոսի 26-ին տեղի էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ վերջինիս Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում։ Դա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։