Չի կարելի մի մարմին վերացնելու մոլուցքով տարված՝ գնալ նման քայլերի. փաստաբանը՝ ՍԴ-ն և Վճռաբեկը միացնելու մասին

Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ՝ բարեփոխումների հայեցակարգում ներառվելու է նաև Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը:

Հարցի՝ բարեփոխումների հայեցակարգում ներառելուն կողմ էր քվեարկել հանձնաժողովի 15 անդամից 8-ը: Չքվեարկող անդամների թվում էին իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:

ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու, Գերագույն դատարան ստեղծելու, դրա  դրական ու բացասական կողմերի մասին 168.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

– Պարոն Վարոսյան, մեր իրավական համակարգում որքանո՞վ է ընդունելի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելը:

– Դուք հարցը շատ ճիշտ տվեցիք, մեր իրավական համակարգում: Մեր իրավական համակարգում բացարձակ անընդունելի մոդել է, որը հանգեցնելու է առանց այն էլ կիսաշխատող համակարգի լիակատար կազմաքանդման: Ես սարսափում եմ այդ գաղափարից, որ սրա տակ դիտավորություն կա, բայց անկախ դրանից՝ սա արվում է դիտավորյալ, թե արվում է անզգուշությամբ, ակնհայտ է, որ Հայաստանի իրավական համակարգի կազմաքանդման պրոցես է գնում:

Սահմանադրական դատարանի գործառույթները լրիվ ուրիշ են, Վճռաբեկ դատարանինը՝ լրիվ ուրիշ: Եվ 25 տարիների ընթացքում այս ձևավորված համակարգն ապացուցել է, որը ինքն ապրելու իրավունք ունի, որովհետև բազմաթիվ՝ հարյուրավոր, հազարավոր հարցեր, որոնք Վճռաբեկ դատարանում իրավունքից բխող ճիշտ լուծում չեն ստացել, այդ լուծումը ստացել են Սահմանադրական դատարանում: Հիմա մենք այս օղակը վերացնելով՝ այդ կուտակվող հարցերը նետում ենք մի կողմ: Դրանց լուծում չի տրվելու: Չի կարելի մի մարմին վերացնելու մոլուցքով տարված՝ գնալ նման քայլերի:

– Դուք նման մոլուցք եք տեսնո՞ւմ:

– Ես մոլուցքը տեսա այն ժամանակ, երբ  մարդիկ պատրաստ  եղան ուղիղ Սահմանադրությունը ոտնահարելով՝ հակասահմանադրական ճանապարհով լուծումների գնալ:

– Դուք նշեցիք, որ ՍԴ-ն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է, որ կառույց է, որը լուծում է  իր առջև դրված խնդիրները: Վերջին 2 տարիների ընթացքում հասարակության շրջանում շատ են դժգոհում այս կառույցից: Հակասություն  չի՞ ստացվում: Մի կողմից՝ նշում են, թե ՍԴ-ն բնականոն գործում է, մյուս կողմից՝ թե կոռումպացված է:

– Տեսեք, 2 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի կոռուպցիայի փաստերը բացահայտվեին, եթե այդպիսիք եղել են: Եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն, լռեն: Բացի այդ՝ ի՞նչ ասել է, թե հասարակությունն այս կարծիքն ունի: Հասարակությունը ՍԴ կայացրած որոշումներից քանիսի՞ն է ծանոթ: Մենք՝ պրոֆեսիոնալ իրավաբաններս ենք դժվարությամբ ծանոթանում դրանց, որովհետև մասնագիտական գիտելիքներ են պետք այդ որոշումների իրավունակությունը ընկալելու համար: Կամ, հասարակությանը կարող է դուր չգալ նաև ջրային տնտեսությունը, ոստիկանությունը կարող է դուր չգալ: Է, բերեք վերացնենք ամեն ինչ: Հավաքվենք հրապարակում, գոռանք, գոչենք, պետություն ղեկավարենք:

Հասարակությունը լիազորել է համապատասխան մարդկանց, ցավոք սրտի, որոնք չեն էլ հասկանում՝ դա ինչ բան է՝ լիազորվել ու որոշումներ կայացնել, որպեսզի նրանք այդ որոշումները կայացնեն: Եվ երբ  այդ անձինք ընտրվելուց հետո, պաշտոններ զբաղեցնելուց հետո անդրադարձ են կատարում հասարակությանը, ասում են՝ «հասարակությունը այսպես, հասարակությունն այնպես», սա նշանակում է երկու բան՝ պատասխանատվություն վերցնելու հնարավորությունից զուրկ են նրանք՝ մեկ, և երկրորդ՝ չեն էլ հասկանում, թե ինչ պիտի անեն:

– ՍԴ դիմում են նաև անհատներ: Ստացվում է, որ այս դատարանները միացնելով՝ նաև վերացվում է անհատական դիմումներով ՍԴ դիմելու հնարավորությունը: Գերագույն դատարանը արդյո՞ք կկարողանա այդ դիմումներին հստակ լուծումներ տալ, որովհետև շատ կան օրինակներ, երբ Վճռաբեկ դատարանը նույն գործով այլ որոշում է կայացրել, Սահմանադրական դատարանը՝ այլ:

– Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիներին իրավունք տալը նախկին իշխանությունների այն շատ քիչ դրական քայլերից մեկն էր: Բայց հիմա փորձում են դա էլ բնաջնջել: Քաղաքացիների դիմումների հիման վրա կարևորագույն որոշումներ են կայացվել Սահմանադրական դատարանում, կանխվել են հետագայում մարդկանց իրավունքների խախտումները: Հիմա վերցնել, նահանջ կատարել, քաղաքացուն զրկել դիմումի իրավունքից, ես ուղղակի տրամաբանությունը այստեղ չեմ կարող տեսնել: Է,  բոլորին զրկեք դիմելու հնարավորությունից, թող իրանց համար նստեն, աշխատավարձ-պարգևավճար ստանան ու ծափ տան մեկ-մեկ՝ գործող իշխանություններին:

– Սահմանադրական բարեփոխումներով նաև նախատեսվում է բոլոր ատյաններին լիազորել իրենց վարույթում գտնվող գործերի շրջանակում օրենքների սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել: Այժմ այդ լիազորությունը տրված է միայն ՍԴ-ին: Սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել:

– Դա հանգեցնելու է իրավական անորոշ այնպիսի վիճակի, որից հետո տարիներով լուծումները չենք գտնելու: Դրա համար էլ հենց գոյություն ուներ Սահմանադրական դատարան: Դրա համար էլ հարցեր առաջանալու պարագայում դատավորները ևս այդ իրավունքն ունեն՝ տարբեր գործերով դիմել Սահմանադրական դատարան: Այ դրա համար էր այս մեխանիզմը գործում: Ու նորմալ էր, որ այդպես էր գործում:

– Գերագույն դատարան ստեղծելու դեպքում նշվում է, թե գնում ենք դեպի ամերիկյան մոդելին:

– Դե եկեք ամբողջովին գնանք ամերիկյան մոդելին: Ես կարծում եմ՝ միամտություն է, երբ որ մարդիկ ամերիկյան մոդելը բերում են, հավասարեցնում են մեզ, երբ որ մենք բոլորովին իրավական այլ համակարգում ենք գործում ու գործել միշտ: Հասկանո՞ւմ եք՝ կոնտինենտալ իրավական համակարգը անգլոսաքսոնականի հետ խառնելը դա հենց հիբրիդ է: Եթե ուզում եք ամերիկյան մոդելը բերեք, բերեք ամբողջությամբ ուրեմն ամերիկյան մոդելը: Նախաքննությունը վերացրեք, նախաքննական մարմինները վերացրեք, դատավորներին սարքեք պարզ արբիտր, հասկանում եք, ներմուծեք ատենակալների ինստիտուտը, ապացուցման բեռը հավասարապես բաշխեք կողմերին, փաստաբաններին հնարավորություն տվեք նույն իրավունքներով ապացույցներ ձեռք բերել: Այդ ամեն ինչը արեք, հետո նոր մոդելը, կառուցվածքը փորձեք փոխել: Եթե դու վերցնում ես բոլորովին այլ իրավական համակարգում գործող կառուցվածք, բերում ես մեր իրավական համակարգի մեջ ես դնում, կազմաքանդումը հենց դա է:

Տեսանյութեր

Լրահոս