Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը դատախազին
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը դատախազ Սարգսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, որի հիմքում մինչդատական վարույթի ընթացքում դատախազի իրականացրած գործողություններն էին:
Այսօրվա դատական նիստում փաստաբան Երեմ Սարգսյանը, խոսելով մինչդատական վարույթում դատախազի լիազորությունների մասին, ասել էր, թե մեղադրողի ներկայությունը մինչդատական վարույթի ընթացքում մի նպատակ ուներ, որպեսզի քննիչի կողմից իրականացվող վարույթը բացառապես օրինական լիներ:
«Դատախազը պետք է ապահովեր այս օրինականությունը, և եթե նա պարզեր, որ, եթե չի հիմնավորվել մեղադրանքը կամ դրա մի մասը, պետք է հրաժարվեր մեղադրանքից, բայց պարոն Սարգսյանի մասնակցությունը մեզ նման հույսեր չի տալիս, որը բխում է նախորդ վարքագծից»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտին իրենք զրկված են եղել անհրաժեշտ ծավալով գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնելուց:
«Այս գործով իրավասու մարմիններն ուղղակի ի զորու չեն ինքնուրույն և օբյեկտիվ որոշումներ կայացնել, հետևաբար՝ էս ամեն ինչը վկայում ա, որ դատաքննության ընթացքում ևս, այդ թվում՝ էս խափանման միջոցի քննության ընթացքում, հարգելի մեղադրողը չի լինելու օբյեկտիվ և արդար, հետևաբար՝ ես նրան հայտնում եմ ինքնաբացարկ»,- նշեց Երեմ Սարգսյանը:
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ նշեց, որ իրենց դիտարկմամբ՝ դատախազն այս գործով ունի կանխակալ մոտեցում: Մակինյանի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, դրանցից որևէ մեկը չի քննվել օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, բայց դրանք չեն բավարարվել:
Դատախազ Սարգսյանը, ներկայացնելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերով դատախազի՝ բացարկ հայտնելու հիմքերը, ասաց, թե չունի գործով կաշկանդվածություն, և դատական նիստի ընթացքում պաշտպանները չեն նշել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ օբյեկտիվ հիմք, որը կվկայեր որևէ մեկի նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքի մասին:
«Ներկայացվեցին ընդամենը Սահմանդրությամբ, քրեական դատավարությամբ տրված իմ լիազորությունների շրջանակում կատարված երկու բողոքների քննարկման արդյունքները, փորձ ա կատարվում դնել բացարկի հիմքում, որը, հարգելի դատարան, իմ կարծիքով՝ անթույլատրելի է»,- ասաց դատախազը՝ հավելելով, թե պաշտպանական կողմն ուղղակի ներկայացրել է միջնորդություն՝ պարզապես միջնորդություն ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գագիկ և Կարեն Խաչատրյանները, արդեն մեկ տարի է՝ կալանավորված են: