Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում ռազմական տեխնիկա են փոխադրել Եփրատ գետի վրայով
Ռուսաստանցի զինվորականները սիրիական բանակի զինծառայողների հետ համատեղ Դեյր-Էզ-Զոր նահանգում ժամանակավոր կամուրջ են գցել Եփրատ գետի վրայով: Այդ մասին լրագրողներին հայտնել է գետանցի ծառայության պետ Նիկոլայ Գլուխովը:
Նա հավելել է, որ նահանգում գետը հատելու վայր է ընտրվել՝ հաշվի առնելով խորությունը եւ հոսանքի ուժը: Գետանցը կառուցելուց հետո դրա վրա ռազմական տեխնիկայի անցում են իրականացրել ծխածածկույթի ներքո: Եփրատով նաեւ իրականացվում է լաստանավով գետանց: Այն անհրաժեշտ է անձրեւների տարեշրջանում, երբ ջրի մակարդակը գետում կարող է չափազանց բարձրանալ: Լաստանավորդներին ռուսաստանցի մասնագետներն ուսուցանում են աշխատել այն տեխնիկայով, որը նույնպես բերվել է Ռուսաստանից:
«Առայժմ փորձի պակաս է զգացվում, բայց մենք լավ ուսուցիչներ ունենք Ռուսաստանից: Մեքենան պարզ է եւ հուսալի, դրա վրա կարելի է հույս դնել գետանցի համար դժվարին պահերին: Ամենադժվարը տանկերի փոխադրումն է. դրանք շատ ծանր են: Բայց ես արդեն կատարել եմ նման առաջադրանքներ»,- լրագրողներին պատմել է լաստանավորդ Աբդել Քարի Խանին: Բացի ռազմական տեխնիկայից, ժամանակավոր գետանցումով անցնում են նաեւ քաղաքացիական մեքենաներ, օրինակ, կցանքով բեռնատարներ:
Այլընտրանքային երթուղի կա, բայց բեռնափոխադրումների համար այն ավելի երկար է:
«Ես զբաղվում եմ տարբեր բեռների փոխադրմամբ եւ այստեղով երթեւեկում եմ օրը մի քանի անգամ: Եվս մեկ կամուրջ կա գետի ներքեւի մասում, այն կառուցել են իրանցիները՝ հիմնականում իրենց կարիքների համար: Բայց այն չափազանց փոքր է, դրա վրայով երթեւեկելը դժվար է: Դրա համար պետք է վճարել, ինձ համար դա թանկ է»,- պատմել է բեռնատարի վարորդ Հալիդ Դաութը: Ամբողջ տեխնիկան՝ ռազմական եւ քաղաքացիական, մանրամասնորեն ստուգում են գետանց կամ լաստանավ մուտք գործելուց առաջ:
Եփրատ գետը հոսում է երեք պետությունների տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 2,7 հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: