«Խնդրում եմ նիստն անցկացնել իմ պաշտպանի ներկայությամբ». Գագիկ Խաչատրյանը ներկա չէր նիստին

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը:

Դատական նիստը պետք է տեղի ունենար երեկ, սակայն Գագիկ Խաչատրյանը դատարան դիմում էր ուղարկել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը ևս կարողանա ներկայանալ դատական նիստին:

«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված՝ այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար՝ դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել»,- երեկ հայտնել էր Գագիկ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Սակայն  ասօրվա դատական նիստին Գագիկ Խաչատրյանը ևս ներկա չէր: Նա նոր դիմում էր ուղարկել դատարան:

«Տեղեկացված եմ, որ սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի է ունենալու դատական նիստ, սակայն ես չեմ կարող մասնակցել՝ առողջական վատ վիճակի պատճառով: Խնդրում եմ նիստն անցկացնել իմ պաշտպանի ներկայությամբ»,- նշված էր դատարանի հրապարակած դիմումում:

Պաշտպանական կողմը չառարկեց, ինչից հետո դատարանը սկսեց քննել դատարանին  ինքնաբացարկ ներկայացնելու հնարավոր միջնորդությունների հարցը:

Տեղեկացնենք, որ այսօրվա դատական նիստում դատարանը պետք է լուծի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գագիկ և Կարեն Խաչատրյանները, արդեն մեկ տարի է՝ կալանավորված են:

 

Տեսանյութեր

Լրահոս