«Թույլ չեմ տա ընթացիկ բոլոր խնդիրները՝ կալանք տալ-չտալ, դատապարտել-չդատապարտել, առանձին դատավորների կողմից անբարեխղճության և կոռուպցիայի դրսևորումներ և այլն, վերագրել մեզ»
Հայաստանն ունի հստակ օրակարգ՝ դատական համակարգում հիմնարար ու խորքային բարեփոխումներ իրականացնելու, ՀՀ քաղհասարակության և միջազգային հանրության կողմից հավանության արժանացած ռազմավարական լրջագույն փաստաթղթեր և դրանց արդեն իսկ պրակտիկ իմպլեմենտացում՝ Դատական օրենսգիրք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում իրականացրած բարեփոխումների արդյունքում նախատեսվել է՝ բարեվարքության և գույքային դրության ստուգում, որն իրականացնելու լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (կարծում եմ` առաջիկայում կտեսնենք այս բարեփոխման պտուղները)։
Հանձնաժողովին հնարավորություն է տրվել ստուգելու նաև գործող դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների գույքային դրությունը՝ բոլոր տարիների հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։
«Կատարելագործել ենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իմ կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա կայացված որոշումներին կարող եք ծանոթանալ Բարձրագույն դատական խորհրդի կայքում և համեմատել նախորդ ցանկացած ժամանակահատվածի քանակի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով հնարավորություն ենք ընձեռել իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամի շեմը»,- նշել է նախարարը։
ՀՀ պատմության մեջ նմանը չունեցող գործիքները արդեն կիրառության մեջ են, և դրանք կիրառող մարմինները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը, սեպտեմբերից Գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով ստեղծվելիք համապատասխան ստորաբաժանումը, կսկսեն դրանք կիրառել և կարձանագրվեն առաջին արդյունքները։
Նախարարի պարզաբանմամբ՝ սահմանադրական բարեփոխումներն էլ այս բոլոր հարցերում տրամաբանական շարունակությունն են լինելու՝ միտված իրապես անկախ դատական իշխանության ձևավորմանը։ «Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այս բոլոր հարցերը օրակարգ են բերվել 2019 թ․ ամռանը՝ ռազմավարական փաստաթղթի նախագծով։ Ընթացիկ փուլում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների, դատարանների ծանրաբեռնվածության լուծման, դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստի անցկացումը երաշխավորելու կառուցակարգերի մշակման, վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգերի կիրառման, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, անվճար իրավաբանական օգնության ուղղությամբ տարվող աշխատանքները»,- ընդգծել է Բադասյանը։
Նրա բնորոշմամբ՝ ժողովրդավարության հաղթարշավը Հայաստանում անբեկանելի է, կոռուպցիան էլ` իր բոլոր դրսևորումներով, պարտվելու է. սրան այլընտրանք չկա։
«ՀՀ արդարադատության նախարարությունը ստանձնել է այս ոլորտում խորքային բարեփոխումների պատասխանատվությունը, և ես չեմ արդարանա և երբեք չեմ խուսափի քաղաքական պատասխանատվությունից նշված ոլորտի համար, բայց ամենևին էլ թույլ չեմ տա ընթացիկ բոլոր խնդիրները, որոնք դուրս են Արդարադատության նախարարության տիրույթից՝ կալանք տալ-չտալ, դատապարտել-չդատապարտել, առանձին դատավորների կողմից անբարեխղճության և կոռուպցիայի դրսևորումներ և այլն, վերագրել մեզ։ Իսկ ինչ վերաբերում է «լեգալիզմի» և «իրավական աղանդավորությանը», ապա դրանք իրար արժանի կատեգորիաներ են։
Առաջինը չի գիտակցում հասարակական հարաբերությունների էությունը, իրավունքը վերածում է անհասկանալի ու անտրամաբանական գործիքի ու ցանկացած զարգացում մղում փակուղի, երկրորդի ներկայացուցիչներն էլ, չունենալով իրական կամք բարեփոխումների (ինչը ենթադրում է գիտելիք, կամք, աշխատելու ցանկություն, նախաձեռնողականություն, հետևողականություն) լուրջ դեմքով հասարակությանը պատմում են փրկության կարճաժամկետ ծրագրերի մասին, ասում, որ ամեն ինչ կարելի է անել մեկ ակնթարթում, ընդամենը պետք է վերցնել ու ջնջել: Ով իրեն նույնացնում է նշված կատեգորիաների հետ, իրավունք ունի վիրավորվելու»,-նշել է նախարար Բադասյանը: