Բաժիններ՝

«Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա»․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի դեպքին, նշել է, որ իրավապահների կողմից պետք է տրվի ամենակոշտ գնահատականը: Այս մասին Գևորգյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից: Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են, և ժամանակն է է՛լ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու և բացառելու համար»,- գրել է Գևորգյանը:

Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ է հիվանդանոցից դուրս գրվել Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա աղջնակը, որը դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:

«Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։ Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»,- նշել է Մանե Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս