«Արսեն Թորոսյանն իրեն պահում է ֆեյքի նման. երբ պետք է, լավ գրում է, պարգևավճարը ստանում, երբ պետք չէ, ջնջվում-գնում է». Կարեն Քոչարյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ կատարվողի վերաբերյալ ես ենթադրություններ կանեմ՝ ընդամենը իրար կողքի դնելով փաստերը. նախարարը նախ ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ապա նախարարությունը հրապարակել է հաշվետվություն, որից հետո Արսեն Թորոսյանը գնացել է արձակուրդ։ Ես կարծում եմ, որ նման բաները պատահական չեն լինում։ 168 TV«Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց վերլուծաբան Կարեն Քոչարյանը։

«Սակայն Արսեն Թորոսյանի մասին խոսելիս պետք է հիշել, որ մենեջերը լավն է, երբ կա կրիզիսային իրավիճակ, և հենց այդ ժամանակ է երևում մենեջերի ունակությունները, ոչ թե նստում ասում են, թե՝ այսքան գումար տվեցինք սրան, այնքան գումար՝ սրան, դա իրենց գործն է եղել, արել են, դա դեռ հետո կբացահայտվի, թե այդ գումարներն ինչ են արել, որովհետև, ըստ խոսակցությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար փոխանցված գումարներից մի թոթոլ կտոր էլ՝ 120 միլիոն դրամ, իր կնոջն է փոխանցել։ Ինձ համար փաստն այն է, որ Արսեն Թորոսյանն իրեն պահում է ֆեյքի նման. երբ պետք է, լավ գրում է, պարգևավճարը ստանում, երբ պետք չէ, ջնջվում-գնում է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ շեշտելով, որ, եթե մինչև հիմա, ինչպես բոլոր ղեկավարներին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին հնարավոր բոլոր միջոցներով հաջողվել է պահպանել թիմի առանցքային անդամի ձախողումները, ապա հիմա այդ տարբերակը չի գործի։

Նա թեև չբացառեց, որ մի օր էլ գուցե հանրությունն արթնանա և պարզի, որ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջն ապաակտիվացրել է այս կառավարության մյուս ամենաքննադատված նախարարը՝ Արայիկ Հարությունյանը, սակայն դա քիչ հավանական համարեց։

«Ինչո՞ւ, որովհետև մարդկային ատելություն Արայիկ Հարությունյանի նկատմամբ, ինչպիսին կա Արսեն Թորոսյանի նկատմամբ, չկա։ Նախ՝ բացի մասնագիտական ոլորտը, կա նաև մարդկայինը, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քննադաությունները հիմնականում մասնագիտական են, Արսեն Թորոսյանը մինչև նախարար դառնալն էլ մարդկայնորեն վիրավորել է տարբեր մարդկանց։ Մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանին վստահված են շատ ոլորտներ, իսկ Արսեն Թորոսյանին՝ միայն մեկը՝ Առողջապահության նախարարությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ կարծում է, որ Փաշինյանն այս փուլում չի հեռացնի Արայիկ Հարությունյանին, թեև գիտակցում է, որ իր կադրերի պատճառով է նաև, որ օր օրի նվազում է իր վարկանիշը։

«Սեփական վարկանիշը պահելու համար գուցե չգնա Կառավարությունը ցրելու ճանապարհով, սակայն վստահ եմ, որ գոլորշի բաց կթողնի՝ այդ թվում՝ Թորոսյանին հեռացնելու ճանապարհով։ Փաշինյանը հիմա կգնա հեռացումների՝ արդեն սեփական թիմակիցների հետ կապված, և, կարծում եմ, որ Փաշինյանին այդքան էլ հեշտ օրեր չեն սպասվում՝ հատկապես, որ մենք տեսնում ենք սորոսականների ճնշումը նրա վրա»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ այժմ գործ ունենք եռացող կաթսայի հետ, որտեղ եռում է՝ ինչպես Ամուլսարի, այնպես էլ՝ Ստաբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների խնդիրը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական օր օրի խորացող ճգնաժամը, իսկ դա բերելու է այս իշխանության համար լուրջ խնդիրների։

Թե ինչ քայլերի է դիմում ստեղծված իրավիճակում ընդդիմությունը հարցին ի պատասխան՝ Կարեն Քոչարյանը նախ նշեց, որ ընդդիմության խնդիրն այն է, որ չկա ձևավորված էլիտա, որն էլ կկարողանար ձևավորել հանրային պահանջ, սակայն արդեն իսկ ձևավորվել է ընդդիմադիր երեք բևեռ, որոնք էլ իրենց վրա են վերցրել իշխանափոխության հարցն իրականություն դարձնելու գործընթացը։

«Կա երեք բևեռ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Արթուր Վանեցյան, բայց խնդիրը նրանում է, որ ընդդիմությունն առայժմ միասնական ճակատով չի գնում։ Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը միասնական ճակատով չեն էլ գնալու, իսկ Արթուր Վանեցյանի գործոնն ուժեղանում է նրանով, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը չեն ուզում, որ Վանեցյանը միանա որևէ մեկի հետ, որովհետև հասկանում են, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիմնական խաղացող չեն լինելու, բայց աշխատեցնելու են իրենց ռեսուրսները։ Նրանք որպես լիդեր չեն լինելու, որովհետև նախկին են։ Նոր ձևավորված ուժը՝ ի դեմս Վանեցյանի, կարող է լինել լիդեր. լիդերը լինելու է նոր դեմքով, իսկ Գագիկ Ծառուկյանը չունի շանս լիդեր լինելու, բայց, իհարկե, կաշխատեն նրա ռեսուրսները։ Եթե այս իշխանությանը նոր այլընտրանք լինի, չես կարող ասել, թե ինչ կարող է լինել, թեև դեռ ընդդիմադիր դաշտը միասնական օրակարգ չունի։ Այն պահից սկսած, երբ օրակարգից հանեն, ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, կոնսոլիդացիան կլինի և կլինի ընդդեմ այս իշխանությունների, կձևավորվի միասնական օրակարգ ընդդիմադիր ուժերի միջև։ Հենց բոլոր ուժերն իրենց մեջ գտան ուժ հրաժարվելու ո՞վ է վարչապետը հարցից, այդ պահից սկսած այդ պայքարը շատ ավելի լուրջ կդառնա և պայքարը կլինի կոնսոլիդացված»,- ասաց Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս