Ահա քեզ կոռուպցիա. ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ավտոբուսների մրցույթում
Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանին կից կառույցներից մեկը արտասահմանցի գործընկերների հետ ծրագիր ներկայացրեց. գործող 1300 տարբեր մակնիշների միկրոավտոբուսների փոխարեն շահագործել մի քանի հարյուր խոշոր (12 մ երկարության), գազով աշխատող, ցածր թափքով ժամանակակից ավտոբուս։ Ընդ որում, դրանով իսկ նախատեսվում էր սահմանել տոմսերի միասնական և ավտոմատ գրանցման համակարգ, ստեղծել ավտոբուսների ժամանակակից տեխնիկական սպասարկման կենտրոն, կատարել դրանց ավտոմատ դիագնոստիկա, սպասարկում, վերանորոգում և այլն։ Ի սկզբանե ծրագիրը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Ավելին, պայմանավորվածություն կար, որ կլինի միջազգային մրցույթ, և ՎԶԵԲ-ն իր վրա կվերցնի այդ մրցույթն անցկացնելու տեխնիկական խնդիրները։
Ինչ խոսք, հետաքրքիր ու բնակչության կողմից սպասված ծրագիր էր։ Կար մի շատ կարևոր դետալ ևս. ավտոբուսները պետք է աշխատեին գազով, ինչն արմատականորեն բարելավելու էր շրջակա միջավայրի որակը՝ շեշտակիորեն իջեցնելով աղտոտումը։ Այն այնքան գրավիչ էր, որ գրեթե նույնությամբ կիրառվեց Տաջիկստանի Խուջանդ (նախկին Լենինաբադ) քաղաքում արդեն 2016թ.։
Երևանում այս ծրագրի իրականացումը անընդհատ հետաձգվում էր։ 2018-ին վրա հասած իշխանափոխությունը այն հետաձգեց ևս 1.5 տարով։
Վերջապես 2019թ. դեկտեմբերի 31-ին 51749 համարի տակ ՎԶԵԲ-ի ECEPP գործակալությունը հայտարարեց մրցույթ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 120 մլն եվրո արժեքով։ Պետք է անմիջապես նշել. ՎԶԵԲ-ը ցանկացած մարդու հնարավորություն է տալիս գրանցվելու և իր էլեկտրոնային փոստի վրա ստանալու այս կամ այն մրցույթի ընթացքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, մանրամասնությունները։
Ընթերցողին տեղեկացնենք, որ մրցույթի տերը Երևանի քաղաքապետարանն է, ինչի մասին ECEPP-ում բազմիցս նշվում է (բնական է, չէ՞, որ փողի տերը Երևանի քաղաքապետարանն է)։ Մասնավորապես, Բանկը նշում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և քաղաքապետարանին կից ԾԻԳ-ի աշխատակից Արման Պետրոսյանի անունները։
Մրցույթի մասին տեղեկատվության տարածվելուց անմիջապես հետո մենք արագորեն գրացվեցինք ECEPP պորտալում և սկսեցինք հետևել նոր, հեղափոխական իշխանության գործունեությանը։
Ապրիլի 20-ին հայտարարվեց մրցույթը. առաջարկվում էր որոշակի տեխնիկական պայմանների պահպանմամբ (եվրո 6 ստանդարտ, 12 մ երկարություն, գազով աշխատող շարժիչ, 13.5տ քաշ, ԵՄ-ում առնվազն 300 ավտոբուսների վաճառքի փաստ և այլն)։
Ընդհանուր առմամբ առաջ էին քաշվում մի քանի տասնյակ այդպիսի առաջնային և երկրորդական տեխնիկական պայմաններ։
Ինչևէ, մրցույթը հայտարարվեց, ժամկետը սահմանվեց հունիսի 12-ը, հետո հունիսի վերջը, և, վերջապես, հուլիսի 12-ը։ Մայիսի 20-ին տեղի ունեցավ, այսպես կոչված, պարզաբանման հանդիպումը։
Նկատենք, որ այդ ամբողջ ընթացքում սահմանադրական ճգնաժամի պատճառով բուն վարկային համաձայնագիրը (այս փուլի համար՝ 25 մլն եվրո) հաստատված չէր։ Ի դեպ, այն հաստատված չէ առ այսօր։
Հարց է ծագում, ինչո՞ւ էիք միջազգային մրցույթ հայտարարում, երբ վարկը, որպես այդպիսին, հաստատված չէր։
Ինչևէ, մի քանի անգամ հետաձգվելուց հետո հուլիսի 12-ին մասնակիցները ներկայացրեցին իրենց հայտերը։
Ինչպես և սպասելի էր, հետագայում ի՞նչ պարզվեց: Մեր տեղեկություններով՝ միայն ավտոբուս արտադրող 2 ընկերություն են կարողացել նման խիստ տեխնիկական չափանիշերով մրցութային առաջարկ ներկայացնել՝ գերմանական «Մանը» և չինական «Ժոնգտոնգը»։
Եվ, ինչպես ասում են, այստեղ է թաղված շան գլուխը.
«Մանը» յուրաքանչյուր ավտոբուսի համար պահանջել էր 250000 եվրո, իսկ չինական կողմը՝ 150000։ Այսինքն՝ «Մանի» դեպքում պետք է 25 մլն եվրո վարկային միջոց, իսկ «Ժոնգտոնգի» պարագայում՝ 15 մլն եվրո, հասարակությունը տնտեսում է 10 մլն եվրո։
Նկատենք, որ 2 առաջարկներն էլ տեխնիկապես հավասար են։ Բարեբախտաբար, երևանցիները «Հիգեր» չինական ավտոբուսների օրինակի վրա գիտեն չինական ավտոբուսների որակի մասին։ «Ժոնգտոնգն» իր ավտոբուսները վաճառում է Եվրոպայում, Սաուդյան Արաբիայում, Մերձավոր Արևելքում և այլուր։ Այնպես որ, խոսքը մի ընկերության մասին է, որը ոչնչով չի զիջում ոչ «Մանին», ոչ էլ «Մերսեդեսին»։
Ակնհայտ էր, որ կա մրցույթի հաղթող, տնտեսվել է 10 մլն եվրո։ Բայց սա բոլորովին չէր մտնում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի մեջ։ Կատարվում է միջազգային պրակտիկայում աներևակայելի քայլ. հայտարարում են, որ հաղթող չկա, իսկ «Ժոնգտոնգին» «տեղյակ» են պահում, թե բա՝ ձեր մրցութային առաջարկում տեխնիկական 2 թերություններ կան։ Սա արդեն հումորի ոլորտից է։ Չինացիներին, ինչպես ասում են՝ մրցույթից «տշում» են։ Այս էլ արդեն որերորդ անգամ։
Եվ սա՝ այն դեպքում, երբ սա միջազգային մրցույթ է։ Գոնե իրենք՝ Երևանի քաղաքային իշխանություններն են այն այդպիսին հայտարարել։
Ի՞նչ շահերի արդյունքում են մրցույթի հաղթողին մերժում։ Բա ասում եք՝ ամեն ինչ ազնիվ է, բա ասում եք՝ նախկին կոռուպցիոն ժամանակներն անցել են… Հա, անցել են, բայց նորե՞րն են եկել։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ կառավարությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս գործընթացին ոչ միայն տեղյակ են, այլև վերահսկում են, որպեսզի չինական ընկերությունն ամեն կերպ դուրս մղվի մրցույթից: Որևէ պատճառաբանությամբ:
Այն, որ չինական ընկերության հաղթանակն աներկբա է միջազգային այս մրցույթում, և այն պաշտոնապես պետք է հայտարարվի՝ հաստատում են մեր աղբյուրները: Այլապես գործին պետք է միջամտի ՀՀ գլխավոր դատախազը՝ կոռուպցիոն ակնհայտ դրսևորումները բացահայտելու համար: Ի վերջո, գործ ունենք միլիոնավոր եվրոներ արժեցող գործարքի հետ: