«Էս ժողովուրդն էլ չի գալու ստեղ». ՌԴ մեկնել ցանկացող ցուցարար
Այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Նրանք պահանջում էին հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, իրենց խոսքով, մնացած բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներն ու խոսակցությունները որևէ արդյունք չեն տվել: Ցույցի կազմակերպիչներից մեկն ասաց, որ ինքն այսօր վերջին անգամ է գալիս Կառավարության շենքի մոտ այս հարցի համար:
«Ես էնքան եմ արդեն հիասթափվել մեր Կառավարությունից, մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս, որ կօգնեն: Ես շատ մեծ ցավով տոմսեր եմ գնել: Էս նույն ձևով էս ժողովուրդը, ով գնալու է, էլ չի գալու ստեղ: Եթե հիմա էս հարցը չլուծվի, մեզ մարդու տեղ չդնեն, մենք էլ ստեղ եկողը չենք: Եթե ուզում եք, որ ստեղ թուրքեր գան, էս հողերը վերցնեն, շարունակեք՝ ինչ որ անում եք»,- ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը:
Նա նշեց, որ հանդիպել են և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հետ, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել: Նախորդ ցույցի ժամանակ հենց Կառավարության շենքի մոտ ցուցարարների հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Ռուսաստան մեկնել չկարողանալու պատճառը ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի քաղաքականությունն է: Ցույցի կազմակերպիչն ասաց, որ շատերն էլ իրենց խոստացել են, որ կքննարկեն, հարցին լուծում կտան, սակայն դեռ որևէ արձագանք չկա:
«Հանգստացնում են, շաշի տեղ են դնում մեզ, փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ասում են՝ գնացեք»:
Այսօր արդեն 2200 հոգի դիմել է ցույցի կազմակերպչին, որ ցանկանում է գնալ Ռուսաստան, սակայն չի կարողանում:
«Մարդիկ շատ դժվար վիճակի մեջ են, պետք է նենց անել, որ մարդիկ ուզենան հետ գալ»,- ասաց նա:
Մարդիկ կան նաև Բագրատաշենում: Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Բագրատաշենի անցակետում գտնվողներից ոմանք ստիպված են եղել մեքենաները վաճառել, որ կարողանան հաց ուտելու գումար վաստակել:
«Ժողովուրդը վառվում են էդ արևի տակ, ծառ էլ չկա, որ կարողանան հովի տակը կանգնել, մի ամիս ա՝ չեն կարողանում իրենց հարցերը լուծել: Խնդրում ենք, որ տրանզիտ անեն, համաձայն ենք մեր մեքենաները դեզինֆեկցիա անել, Covid թեստեր հանձնել, ուղեկցելու համար փող մուծել: Մենք ամեն ինչ մեր կողմից ուզում ենք անել, որ ամեն ինչ ստացվի, բայց ո՛չ մեր Կառավարությունն է ուզում օգնել, ո՛չ վրացական կողմն է ուզում լսել: Գնում ենք Վրաստանի դեսպանատան դիմաց, մարդ դուրս չի գալիս: Վրացական կողմը մեզ մարդու տեղ պետք է դնի»:
Ցույցի կազմակերպիչն իր հետ բերել էր մի մարդու լուսանկար, որն իրենց հետ պայքարում էր խնդրի լուծման համար, սակայն մահացել է:
«Էս մարդու կյանքը սաղին խրատ պետք է լինի»,- ասաց նա: