Բաժիններ՝

«Մեքենաս վաճառեցի, որ հաց ուտեմ, քնում ենք աթոռներին, 6 հոգի արդեն առողջական խնդիրներ ունի, մարդիկ աթոռների վրա են քնում»․ ՌԴ քաղաքացիներն ահազանգում են Բագրատաշենի անցակետից

Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն ծախսում են վերջին կոպեկները, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից, որ խոստացել էին Վրաստանի հետ բանակցել և ավտոբուսներով սահմանը հատելու հնարավորություն տալ, զանգերին չեն պատասխանում, քաղաքացիների հետ միայն հաղորդագրություններով են շփվում։

«Դեռ այստեղ գոյատևում ենք։ Տվել ենք մեր  ցուցակը՝ 81 հոգու անուն, իսկ ՌԴ դեսպանատնից պատասխանել են, թե պատրաստվեք՝ շուտով նորություն կլինի,  ու չենք հասկանում, թե այդ շուտովը ե՞րբ է։ Բայց այս ընթացքում մեր վիճակը գնալով ծանրանում է։ Նրանք, ովքեր ավտոքարշակներով ուղարկել են  իրենց մեքենաները դեպի Լարս, քնելու տեղ չունեն, աթոռներին քնելով օրերն են անցկացնում։ 6 հոգի արդեն առողջական խնդիրներ ունի։ Գնալով վիճակը լրջանում է, իսկ դեսպանատնից պատասխանում են, թե բանակցություններ են ընթանում, սահմանն անցնելու ժամը հայտնի է։ Բայց, եթե օրը հայտնի չէ, ժամն ինչպե՞ս կարող է հայտնի լինել։ Գրել են՝ ժամը 08։00-10։00-ը սահմանը պետք է անցնեք, բայց ե՞րբ, այ դա պարզ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Այվազյանը:

Քաղաքացին նշեց՝ այլ ելք չգտնելով՝ ստիպված է եղել վաճառել իր մեքենան։

«Կոնկրետ ես արդեն հնարավորություն չունեի, մեքենաս շատ էժան գնով վաճառեցի, որ կարողանամ գոնե հաց ուտեմ»,- ընդգծեց նա։

Հավելենք, որ ՌԴ քաղաքացիները, որոնց մեծ մասը հայեր են, Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով, խնդրի առջև կանգնեց: Մի մասն ինքնաթիռով մեկնեց, մի քանի անգամ ավտոբուսներով տեղափոխեցին, սակայն հարցն ամբողջապես չլուծվեց, քանի որ 81 հոգի դեռ շարունակում է մնալ Հայաստանում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս