«Հարցերը կարող էիք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ». Զոհրաբ Մնացականյանը՝ ակցիայի մասնակից քաղաքացուն

«Եթե այսպես շարունակվի, պարոն վարչապետը պետք է մի հատ շենք վարձի, բոլորիս տեղավորի, բնակարաններով ապահովի»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը, որը պահանջում էր բացել սահմանները:

«800 հոգու  մասին է խոսքը, այսօր հավաքվել ենք 200 հոգով, մի մասն էլ այգում է սպասում, որպեսզի կառավարության շենքի դիմաց շատ մարդ չլինի: Մենք էլ ի վիճակի չենք նստենք, համբերենք, ո՛չ սեպտեմբեր, ո՛չ հոկտեմբեր, մինչև օգոստոսի վերջ թող մեր հարցերը լուծեն: Մեր կառավարությունը չի բարեհաճում դուրս գա՝ իր քաղաքացիներին կոնկրետ ասի՝ 1 ամսից կլինի, 5 օրից կլինի, ընդհանրապես թռիչք չի լինի, դուրս գան ասեն, որ մենք էլ մեր անելիքն իմանանք: Ժողովրդին թող անորոշ վիճակի մեջ չթողնեն, 5-6 ամիս է՝ ամեն անգամ ասում են՝ յուրաքանչյուր ամսվա սկիզբ կբացվի, բայց սահմանը չի բացվում»,- ասացին ակցիայի մասնակիցները:

Ավելի ուշ կառավարության շենքից դուրս եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և  պատասխանեց քաղաքացիների հարցերին.

«Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին: Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է վերադառնալ, առանց խոչընդոտների կարող է վերադառնալ: Ինչ վերաբերում է ՀՀ-ից դուրս գնացողներին, դուրս գնացողը պետք է նաև հաշվի առնի, թե ինչպիսին է այդ երկրի քաղաքականությունը՝ ընդունելու ոչ քաղաքացիներին իրենց երկրում: Մենք էլ ենք այդ քաղաքականությունն ունեցել, այլ քաղաքացիների համար սահմանը փակ պահել»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ վրդովված դիմեց նախարարին՝ ասելով, որ ինքը ՀՀ քաղաքացի է, բայց ուզում է գնալ Լիբանան, քանի որ աղջիկը Լիբանանում է և այնտեղի քաղաքացի է, ինչին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

«Ինքը հնարավորություն ունի գալ Հայաստան, որովհետև դուք Հայաստանի քաղաքացի եք և Հայաստանում եք: Վերջին 3 օրվա ընթացքում Լիբանանից 3 օդանավ է եկել Հայաստան, որով ընդամենը 100 հոգի է եկել: Մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք: Այսինքն՝ պարզ հարցեր են, որոնք դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ»:

Տեսանյութեր

Լրահոս