Սերժ Սարգսյանի պրեամբուլան․ երրորդ նախագահը փակագծեր է բացում

Հրապարակումներում քանիցս անդրադարձել եմ քաղաքական գործիչների սկզբունքայնության և սեփական մոտեցումներին հավատարիմ մնալու կարևորությանը․ հավատացեք՝ քաղաքականության մեջ այդ հանգամանքն էական ու առանցքային նշանակություն է ունենում և հաճախ կատարում վճռորոշ դեր։ Դեռևս ապրիլի 16-ին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողով այցի ժամանակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում մեծ ասուլիս է կազմակերպելու և պատասխանի Ապրիլյան քառօրյայի հետ կապված՝ լրագրողական հանրույթին հետաքրքրող հարցերին։ Ժամեր առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի խոստացած ասուլիսը։ Տևեց երեք ժամ։ Երրորդ նախագահը պատասխանեց մոտ երեք տասնյակ հարցերի։ Լրագրողներն ասուլիսին ներկայացել էին   դիմակներով, դրանք, որոշ հատուկենտ բացառություններով, կրում էին  ողջ ընթացքում, պահպանում էին նաև սոցիալական հեռավորությունը։

Ասուլիսը  հերթական վկայությունն էր, որ գործ ունենք ինստիտուցիոնալ, սկզբունքային  գործչի հետ, որ կարողանում է հստակ ու բովանդակային պատասխանել լրագրողի հնչեցրած ամենամանիպուլյատիվ ու, երբեմն՝ ուղղորդված հարցին, պահպանելով խոստումը՝ անդրադառնալ բացառապես ապրիլյան քառօրյային վերաբերող հարցերին, չանդրադառնալ  քննիչ հանձնաժողովին։ Սարգսյանն իր պատասխաններում բավականին հանգիստ էր ու անհողդողդ, չկար լավածություն՝ անգամ քննադատող հարցերի դեպքում․ սա փաստում է, որ  ՀՀ երրորդ  նախագահը գտնվում էր մի տիրույթում, որտեղ իր համար խոցելի կողմեր չկային։ Հատկանշական է նշել, որ տևական ժամանակ հանրային լայն հարթակում անմիջական շփում չունենալն և մոտ երկու տարի եթերում չերևալը դրական ազդեցություն էր ունեցել նախագահ Սարգսյանի վրա։ Հավանաբար այս հանգամանքին նպաստել էր նաև այն փաստը, որ չլինելով երկրի նախագահ և կաշկանդված չլինելով որևէ հարցում՝ նա ավելի ազատ էր, և դա իրապես նկատելի էր անմիջական, հաճախ՝ անգամ կատակներով համեմված պատասխաններում։

Նախագահ Սարգսյանի այս ասուլիսին սպասում էին հանրային բավական լայն շրջանակներ, հատկապես այն պատճառով, որ առաջիկա ամսվա ընթացքում հրապարակվելու է քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այն, ըստ հանձնաժողովականների, գրեթե ամբողջովին պատրաստ է, և Սարգսյանն իր այս ժեստով կարծես թե մեկ անգամ ևս ակնարկեց հանձնաժողովին, որ իր հետագա գործողություններում դուրս չի գա նախնական պայմանավորվածությունների սահմանից։ Սերժ Սարգսյանն իր  բացման խոսքում շեշտեց, որ այս ասուլիսում չի անդրադառնալու  հանձնաժողովին, բայց  եզրակացության հրապարակումից հետո ոչ միայն հանգամանալից կանդրադառնա դրա  մանրամասներին, այլև լրացուցիչ պարզաբանումներ կտա՝ ինչպես  հանձնաժողովի տարբեր անդամների, այնպես  նաև՝ տվյալ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ այս ժամանակահատվածում արված բոլոր հայտարարությունների ու հնչեցրած կարծիքների վերաբերյալ։ Բավականին հետաքրքիր էր Սերժ Սարգսյանի այն պնդումը, երբ  լրագրողի այն դիտարկմանը, թե BBC-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանից պահանջում էր Ադրբեջանից ներողություն խնդրել, ՀՀ երրորդ նախագահը բավականին ընդգծված նշեց, թե «մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք»։

Ըստ էության՝ Սարգսյանն ասուլիսի ժամանակ որոշ թեմաների հետ կապված մի քանի փակագծեր բացեց, և հստակ ակնարկեց, որ իր կառավարման տարիները շատ ավելի լավ դիրքային առաջխաղացումներ ու բարելավումներ են եղել, սակայն դրանք չեն դարձրել դրոշակ, և հորդորեց այս առումով մի քիչ զսպվածություն ցուցաբերել։ Հատկապես հետաքրքիր և, թերևս,  հիմնավոր  էին գեներալ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու վերաբերյալ արված դիտարկումները, երբ Սարգսյանը նշեց, որ Խաչատուրովը հանձնաժողով չներկայանալու իր արդարացված պատճառներն ուներ և կարող էր իրեն չլսել, քանի որ ինքն այլևս գերագույն գլխավոր հրամանատար չէր, այլ՝ պաշտոնաթող նախագահ։ Բացահայտումների շարքից էին նաև ԱԹՍ-ների վերաբերյալ և ընդհանուր անվտանգության գոտու հետ առնչվող պնդումները, որտեղ նախագահ Սարգսյանը նշեց, որ Ստեփանակերտի ուղղությամբ որևէ անօդաչու սարք չի բարձրացել, իսկ մնացած միֆականացված և շրջանառված լուրերն ընդամենը քաղաքական շահարկումների ենթատեքստեր ունեն։

Արմեն Հովասափյան

Հ.Գ․ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցն առանձնակի ուշադրությամբ և մեծ ոգևորությամբ դիտել են հատկապես Կառավարությունում և Ազգային ժողովում, այն աստիճան ոգևորվածությամբ, որ անգամ ասուլիսի ուղիղ եթերի ձայնը լսելի է եղել փողոցում։

Տեսանյութեր

Լրահոս