«Ես համոզված եմ, որ հենց այդ դիրքերի շրջանում է, որ հակառակորդը կրել է շատ մեծ կորուստներ». Սերժ Սարգսյան

«Առաջին գծում կրակե՞լ, թե՞ չկրակել, որոշում է կոնկրետ ստորաբաժանման պատասխանատուն, և ոչ թե նույնիսկ ԳՇ-ն, էլ չեմ խոսում գերագույն գլխավոր հրամանատարի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո համացանցում տարածվեց տեսանյութ, որը ենթադրաբար նկարահանվել էր լույս 2-ի գիշերը, և որտեղ երևում էր Արցախի սահմանի հատվածում հակառակորդի առաջխաղացումը, մեր զինվորները կապի էին սպասում՝ կրակե՞լ, թե՞ ոչ, հնչում էր պատասխան՝ սպասեք, հնչում են նաև զինվորների հայհոյանքներ, թե՝ ինչո՞ւ չեք հրամայում կրակել, քանի որ հակառակորդը մոտենում է. կարո՞ղ եք պարզաբանել՝ ի՞նչ տեսանյութ էր դա, և հրաման տալու հետ կապված ի՞նչ խնդիր էր եղել:

Շարունակելով հարցի պատասխանը՝ Սերժ Սարգսյանը հետևյալն ասաց. «Ես չեմ կասկածում, որ այդ հրամանը շատ ճիշտ հրաման էր: Ի՞նչ է նշանակում՝ չկրակել, նշանակում է՝ հենց այնպես չկրակել, թող հակառակորդը մոտենա, հասնի խոցման ամենահարմար տեղին, որպեսզի դու կարողանաս ոչնչացնել: Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա, երբ հրամանատարն ասում է՝ չկրակել, կամ ասում է՝ կրակել, դա հրամանատարի բուն գործառույթն է, դա հրամանատարն է որոշում: Խնդիրն ինչո՞ւմն է, որ հրամանատարն ասել է՝ չկրակել, զինվորն ասել է՝ ինչո՞ւ ես ասում՝ չկրակել: Իմացեք՝ պատերազմի ժամանակ և ընդհանրապես բանակում ամեն ինչի հիմքը նաև կարգապահությունն է: Կոնկրետ որոշումը կայացնում է հրամանատարը: Եվ ես համոզված եմ, որ հենց այդ դիրքերի շրջանում է, որ հակառակորդը կրել է շատ մեծ կորուստներ, հենց հրամանատարի համբերատարության և նպատակասլացության շնորհիվ: Այդտեղ որևէ տարօրինակ բան չկա»:

Տեսանյութեր

Լրահոս