Մալիում փակել են արտաքին սահմանները և պարետային ժամ սահմանել
Մալիում խռովարարների կողմից կազմված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն օգոստոսի 19-ին կարգադրել է փակել երկրի բոլոր արտաքին սահմանները եւ պարետային ժամ է սահմանել օրվա մութ ժամանակ: Այդ մասին կոմիտեի անունից ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ գնդապետ Իսմայել Վագեն:
«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից բոլոր օդային եւ ցամաքային սահմանները փակ են մինչեւ հետագա ծանուցումը,- մեջբերում է անում նրա խոսքից Մեծ Բրիտանիայի BBC մեդիախումբը:- Պարետային ժամը գործում է 21:00-ից մինչեւ 05:00-ն մինչեւ հետագա ծանուցումը»:
Իսմայել Վագեն նաեւ Մալիի բոլոր ընդդիմադիր խմբերին, որոնք բարենորոգումների կոչ էին անում, հրավիրել է մտնել բանակցային գործընթաց, որը պետք է հանգեցնի նոր ընտրությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: