«Իրականությունը շատ ավելի տխուր է, քան վարչապետը պատկերացնում է. ուղղակի վախենում են նրան բացասական ինֆորմացիա հաղորդել». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները պատրաստ չեն Hard Talk-ի ֆորմատով հարցազրույցների:

«Չեմ համարում, որ միայն դրան չեն պատրաստ. շատ-շատ բաների պատրաստ չեն, բայց մտնում են այդ խաղերի մեջ և հերթական անգամ տապալվում են: Եթե տվյալ պարագայում դու պատրաստ չես նման ֆորմատի, ընդ որում՝ ի սկզբանե գիտես՝ ում հետ գործ ունես, գիտես ոչ միայն լրագրողին, թե ինչ ոճի է, այլև այն լրատվամիջոցը, որն ունի հստակ դիրքորոշում նույն Արցախի հարցի շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունները մեր ռեգիոնում… Դու պետք է հստակ պատրաստվես, համապատասխան թրեյնինգներ անցնես»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով BBC-ի Hard talk-ին տված՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի վաղ՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցներին:

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց էր կատարել Գեղարքունիքի մարզ և կանգառ կատարել մի շարք համայնքներում։ Վերադարձին Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացմամբ ամփոփեց այցը և անդրադարձավ նաև պարգևավճարների թեմային՝ նշելով, որ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը:

Հետաքրքրվեցինք՝ եթե նախորդ իշխանությունների ժամանակ այս երևույթը լիներ, ինչպիսի՞ն կլիներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արձագանքը, նա ուրա՞խ կլիներ, որ ունենք նման նախարարներ և մարզպետներ:

«Պարզ է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդիկ են: Առաջին դեպքը չէ և առաջին թեման չէ, որի շուրջ Նիկոլ Փաշինյան վարչապետի և Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրի կարծիքները հակառակ են լինում: Հիմա նույն կերպ կարող եք հարցնել, թե ինչ կերպ կվերաբերվեր Նիկոլ Փաշինյանը, եթե Լուկաշենկոյին այս ընտրությունից հետո ՀՀ որևէ նախագահ շտապեր շնորհավորել: Ես միշտ ասել եմ, որ պետական ծառայողները պետք է ստանան արժանի աշխատավարձ, դրանք պետք է լինեն մրցակցային մասնավոր սեկտորում աշխատողների հետ, որպեսզի կարողանաս պետական հատված լավ մասնագետների բերել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գնահատման չափանիշերը պարզ չեն: Եթե Նիկոլ Փաշինյանի երեկվա ոգևորությունը կապված էր կոնկրետ դեպքի հետ՝ ոգևորվել էր, որ լավ ասֆալտ է փռվել, և խոսքը վերաբերում էր Սուրեն Պապիկյանի գործունեությանը, ապա ամեն կոնկրետ դեպքում պետք է հրապարակային նշել՝ այսինչ մարդը արել է այսինչ գործը, այդիսկ պատճառով որոշել ենք նրան պարգևատրել այսքան, որպեսզի բոլորը հասկանան՝ ամեն պարգևատրվող ինչի համար է ստանում այդ պարգևավճարը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Գեղարքունիքի մարզ կատարած այցը Նիկոլ Փաշինյանն անվանել էր հեղափոխության բերքահավաք, նշելով, որ այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում.

«ՀՀ-ն դառնում է մի մեծ շինհրապարակ, գործընթացը սկսվել է, մարդկանց տված խոստումները կատարվում են: Մենք այսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն»: Մյուս կողմից՝ այս ընթացքում տարբեր բողոքի ակցիաների ենք ականատես լինում, մարդիկ ճանապարհներ են փակում, կառավարության դիմաց են հավաքվում, տարբեր հարցեր են բարձրացնում: Հետևաբար՝ քաղտեխնոլոգից հետաքրքրվեցինք՝ հակասություն չկա՞ վարչապետի ներկայացրածի և մեր շուրջը տեղի ունեցողի միջև: Ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը հետևյալն ասաց.

«Դա ցանկացած իշխանության հիվանդությունն է՝ շատ արագ կտրվում են իրականությունից: Իրականությունից կտրվում են ոչ միայն այն պատճառով, որ քիչ են շփվում, այլ թիմում այնպիսի դրվածք է, որ վարչապետին ուղղակի վախենում են բացասական ինֆորմացիա հաղորդել, որովհետև այդ պարագայում միանգամից մեղավորների են փնտրելու, և անպայման այդ մեղավորներին կգտնեն հենց այն շարքերում, ովքեր բացասական ինֆորմացիա են տալիս: Եվ պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ վարչապետի խորհրդականները, օգնականները 4-5 հոգով միաժամանակ հեռացվում են աշխատանքից: Իրականությունը, իհարկե, այդպիսին չէ, իրականությունը շատ ավելի տխուր է, քան վարչապետը պատկերացնում է: Մոտակա ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներն էլ կապացուցեն դա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս