«Առանց անգլերենի ու ռուսերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ: Կամարիս գյուղում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը: Վարչապետը ծանոթանում էր ընկերության ծրագրերին: Ընկերության ներկայացուցչի հետ զրույցում վարչապետն ասաց, որ բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, մարդիկ:
«Ձեզ հետ շփման արդյունքում ուզում եմ մի հատ էլ հավակնոտ հայտարարություն անել, որ բացառված է, որ լավ մասնագետը, որևէ գործի լավ մասնագետը վատ ապրի այ էսօր ՀՀ-ում, որևէ գործի լավ մասնագետը չի կարա վատ ապրի ուղղակի»,- ասաց Փաշինյանը:
Ջերմոցային տնտեսության ներկայացուցիչն ասաց, որ իրենք են պատրաստում իրենց մասնագետներին, ներգրավում են երիտասարդներին, Ագրարային համալսարանի ուսանողներին: Պարզվում է, որ 6 ամսից մինչև 1 տարում ջերմոցային տնտեսության մասնագետ դառնալու համար փայլուն անգլերենի իմացություն է հարկավոր: Զրուցակցի նման պնդումից հետո վարչապետն ասաց.
«Դուք առիթ եք տալիս, որ ես վերադառնամ իմ նախկին հայտարարություններին: Իմ պրակտիկայում շատ է եղել՝ գալիս են, ասում են՝ «այ, երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմով, չի կարում գործ գտնի», ասում եմ՝ քանի՞ օտար լեզու գիտի, ասում է՝ ոչ մի, ասում եմ՝ ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն»:
Վարչապետը պնդեց, որ ժամանակակից աշխարհում բարձրագույն կրթություն ունենալ և գոնե երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է՝ համալսարան գնացած- եկած լինել:
«Փաստորեն, առանց անգլերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի, առանց ռուսերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի: ԵԱՏՄ շուկան է մեր ամենամեծ շուկան, պատկերացրեք՝ մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճացնի, չի կարա»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում