«Մարդկանց հետ շփվելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ հեղափոխությունը մարդկանց ինքնազգացողությունը փոխել է». Ն. Փաշինյան
Ի՞նչ տեսա ուրիշ ես բազմաթիվ բնակավայրերում: Ես տեսա գյուղական փողոցներ, որոնք նախկինում երբեք պատմության մեջ ասֆալտապատ չեն եղել և հիմա ասֆալտապատվում են: Ընդ որում, խոսքը չի գնում միայն ասֆալտապատման մասին: Գյուղական փողոցները ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր:
Այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցից վերադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մանկապարտեզներ կան, որոնք որ զրոյից են կառուցվում: Այսինքն՝ գյուղեր կան, որոնք երբեք մանկապարտեզներ չեն ունեցել կամ էլ չեն նորոգվել: Այսօր Գեղարքունիքի մարզում մենք տեսանք հսկայածավալ աշխատանքներ, և ես արձանագրում եմ, որ տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է, և այդ բանաձևի անունն է՝ սուբվենցիոն ծրագրեր»,- նշեց Ն. Փաշինյանը՝ բացատրելով, որ այդ ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում են և համայնքը, և կառավարությունը:
Նրա վկայմամբ՝ այցն ինքն իր մեջ պայմանականորեն անվանեց «հեղափոխության բերքահավաքը», որովհետև այն ժամանակ իրենք խոստումներ էին տալիս, այսօր այդ խոստումները կատարվում են:
«Գյուղերում, մարզում, ավտոճանապարհներին տեղի են ունենում շինարարական աշխատանքներ, և հարցը՝ արդյո՞ք սրա համար էր տեղի ունեցել հեղափոխությունը, այո, սրա համար է տեղի ունեցել հեղափոխությունը, որովհետև այսօր գյուղերում կոնկրետ քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Մարդը, գյուղերը, որոնք իրենց գոյության ողջ ընթացքում շրջել են կալոշներով, սապոգներով, այսօր մարդիկ իրենց տնից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման համակարգերով, լուսավորության համակարգերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց նաև, որ Հայաստանը վեր է ածվում մի մեծ շինհրապարակի, և հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են մարդկանց միջավայրում, մարդկանց ոտքի տակ:
«Ես հեղափոխության ժամանակ ասում էի՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, մենք էսօր էս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի նրանք ավելի վստահ քայլեն: Եվ ես հիմա այս ծրագրերը տեսնելով, մարդկանց հետ շփվելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ հեղափոխությունը մարդկանց ինքնազգացողությունները փոխել է, և Հայաստանը վեր է ածվում մի մեծ շինհրապարակի: Եվ սա կորոնավիրուսի ճգնաժամային տարին է»,- հայտարարեց վարչապետը:
Նա նշեց նաև, որ շատ ճիշտ են արել, որ լոքդաունի ամենախիստ ռեժիմը չեն պահել, որովհետև հակառակ դեպքում այս բոլոր շինարարական ծրագրերը չէին ունենա՝ սրանից բխող մուլտիպլիկատիվ էֆեկտով:
Նշենք սակայն, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Նիկոլ Փաշինյանի կառավարության երբեմնի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ սուբվենցիոն ծրագրերի մասին ելույթին ու դրա՝ իր կառավարության բացառիկ ձեռքբերումը համարելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձևը՝ սուբվենցիոն ծրագիրը», որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը…»:
Մանրամասները՝ տեսանյութում