«Հաճախորդները գալիս են ու մեզ ասում՝ «լավ չպայքարեցիք», «Ինչո՞ւ տեղափոխվեցիք»». Գյուղմթերքի տոնավաճառի գյուղացիներ

«Տեղի հարցով ընդեղ ավելի հարմար էր, Կասյանում, ճիշտը որ ասենք: Հա, հասնելը դժվար չի, մոտիկ ա ավելի, բայց առևտուրը մի քիչ էն չի: Ինչ-որ անում ենք, էդ էլ ընդեղի ժողովուրդն են գալիս, ով որ մեզ արդեն ծանոթ ա էլի, արդեն գիտի մեր տեղը, նրանք են գալիս: Ստեղից էնքան շատ առևտուր անողներ չկան: Արդեն 2-րդ շաբաթն ա, ու ինչ-որ տարբերություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչներից մեկը, որ արդեն երկու շաբաթ է՝ Հրազդանի տոնավաճառին կից բացված գյուղմթերքի տոնավաճառում փորձում է իրացնել իր ապրանքը:

Նրանց խոսքով՝ իրենց հաճախորդների մեծ մասը, որ մոտ 10 տարի սովոր էր տեսնել իրենց Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, չի հասնում նորաբաց տոնավաճառ՝ գյուղացուց ապրանք գնելու համար:

«Մարդիկ գիտեն, բայց էնդեղի ժողովուրդը ավելի շատ էր, առևտուրը ավելի հարմար էր, ավելի լավ էր: Ստեղ մի քիչ առավոտվա կողմը առևտուր ա ըլնում, էդ էլ էլի ընդեղի ժողովրդի հաշվին, դրանից հետո էլ մարդ չկա»,- ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, թե Կասյանում պայմաններն ավելի լավն էին:

«Խանութների առումով էլ էր ընդեղ լավ, ամեն հարցը լուծված էր, իսկ ստեղ կարևոր հարցերը դեռ լուծված չի: Մարդաշատ չի, «0-0» գոյություն չունի, ապտեկա չկա, սննդամթերքի խանութ չկա, ցայտաղբյուրներ չկան: Բայց Կասյանը ուրիշ էր, ամեն ինչով ապահովված էր, լավն էր, մարդաշատ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Կասյանի իրենց հաճախորդները չեն գալիս գնումների, պատասխանեց.

«Հաճախորդները գալիս են ու մեզ ասում են՝ «լավ չպայքարեցիք», «Ինչո՞ւ տեղափոխվեցիք»: Բայց կամքը մերը չէր, մենք չտեղափոխվեցինք, ուղղակի էս տարածքը տրամադրեցին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը: Արաբկիր վարչական շրջանից 168.am-ին ասել էին, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացրել էր այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ՝ Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չեն համարում՝ նշելով, թե՝ թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն: Ի վերջո, համաձայնություն էր հաստատվել, ու տոնավաճառը արդեն երկու շաբաթ ոչ աշխատանքային օրերին գործում է Հրազդան տոնավաճառի տարածքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս