Մեծ Բրիտանիայի տնտեսությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ընկղմվել է ռեցեսիայի մեջ

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով: Այդ մասին օգոստոսի 12-ին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այս տարվա առաջին եռամսյակում 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կրճատվել է 2,2 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել ամենից առաջ 2020 թվականի մարտին արտադրության զգալի անկմամբ:

Փորձագետների տվյալներով՝ դա դարձել է ՀՆԱ-ի ամենախոշոր նվազումը վերջին ավելի քան 40 տարում՝ 1979 թականի երրորդ եռամսյակից ի վեր: Տեխնիկական ռեցեսիան՝ համախառն ներքին արդյունքի երկու եռամսյակային նվազումը, Միացյալ Թագավորությունում վերջին անգամ եղել է 2009 թվականին: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավորությունում ախտահարվել է 310 հազարից ավելի մարդ, որոնցից ավելի քան 46,6 հազարը մահացել է:

Թագավորության իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը կրկին սկսել է աճել, ուստի որոշում է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին երկու օրը վարակվածների օրական աճը հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցում է հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս