ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա
Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը:
Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների`
– «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից,
– «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,
– ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին,
– Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա։
«Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո’չ ճառագայթման, ո’չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:
Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ։