«Տեղն ինքնին ավելի հարմարավետ է, բայց քանզի նոր է շուկան, գնորդները քիչ են, վաճառքը՝ քիչ». Ոսկետափի բնակիչ

«Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վաճառք է կատարվում էս շուկայում, և մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Անցած շաբաթվա համեմատ՝ այս շաբաթ ավել է մարդկանց հոսքը արդեն, որովհետև անտեղյակ էին, որ գործում ա շուկան: Մեր հիմնական հաճախորդները, ճիշտն ասած, Կասյանի շուկայից են գալիս, որպես լավ ապրանք, որպես մատչելի և որակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառում իր ապրանքը իրացնող Արարատի մարզի Ոսկետափի բնակիչ Պատվական Մարգարյանը:

Պ.Մարգարյանի խոսքով՝ Երևանում շատ են վերավաճառողները, և վերավաճառելու ընթացքում, ըստ նրա, ապրանքը և՛ գինն է կորցնում, և՛ թարմությունը:

Պատասխանելով  գյուղմթերքի տոնավաճառի նոր վայրի ու դրա հարմարության վերաբերյալ հարցին՝ Ոսկետապի բնակիչն ասաց.

«Տեղն ինքնին ավելի հարմարավետ է, քան Կասյան շուկայում գործողը, բայց քանզի, նորից վերադառնամ այն թեմային, որ նոր է շուկան, գնորդները քիչ են, վաճառքը քիչ է լինում: Բայց եթե սովորեն շուկային, արդեն տեղն իմանան, շատ ավելի լավ կլինի: Մեզ որ հարմար է էս տեղը, ավելի հարմար է»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 19-ին ոստիկանությունը և քաղաքապետարանը Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գյուղատնտեսական տոնավաճառում գյուղմթերք վաճառող գյուղացիներին թույլ չէին տվել աշխատել և ցանկացել էին փակել տոնավաճառը:  Արաբկիր վարչական շրջանից 168.am-ին ասել էին, թե այդ հատվածում տոնավաճառի առկայությունը խանգարում է երթևեկությանը, ինչպես նաև առաջացրել է այդ հատվածում ապրող բնակիչների և հարակից տարածքների տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունը: Թաղապետարանից գյուղացիներին առաջարկել էին իրենց ապրանքն իրացնել քաղաքի այլ վայրերում, օրինակ, Կոմիտաս պողոտայում գտնվող շուկայում, Հրազդան տոնավաճառի տարածքում, ինչը գյուղացիները լուծման տարբերակ չէին համարում՝ նշելով, թե՝ թող բացեն տոնավաճառներ նաև քաղաքի այլ հատվածներում, բայց եղածը չքանդեն: Ի վերջո, համաձայնություն էր հաստատվել, ու տոնավաճառն արդեն երկու շաբաթ ոչ աշխատանքային օրերին գործում է Հրազդան տոնավաճառի տարածքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս