«Ստիպված, որ դուրսն էի մնացել, թաք սենյականոց են առաջարկել». գյումրեցի կինը՝ քաղաքապետարանից ստացած օգնության մասին

Գյումրիի ավագանու որոշմամբ հուլիսի 13-ի կարկտախառն անձրևից տուժած 6 ընտանիքի բնակարան է հատկացվել: Նրանց թվում է նաև Նաիրա Հարությունյանը, որի բնակարանի վատ վիճակի մասին գրել էր 168.am-ը:

Տիկին Նաիրայի ընտանիքին առաջին օրերին 4 մատրաս էին առաջարկել, որից իրենք հրաժարվել էին: Նրանք մի քանի օր հարևանների տանն էին գիշերել:

«Ստիպված, որ դուրսն էի մնացել, թաք սենյականոց են առաջարկել սոցիալական բնակարաններից, հարսս, տղես, ես ու ամուսինս ենք, հարսս էլ հղի է, հմի ստիպված վերցրել եմ: Էդ է եղել աջակցությունը, էլի շնորհակալ եմ մարդկանցից, որ դուրսը չթողեցին, ծվարելու տեղ եղավ, մինչև տեսնենք՝ ինչ գուքա գլխներիս»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Գյումրիում հորդառատ անձրև տեղացել էր նաև օգոստոսի 3-ին, որը ևս մեծ վնասներ էր հասցրել տներին: Տիկին Նաիրան մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ անձևները ևս լցվել են իրենց նախկին բնակարանը, որտեղ այդ ժամանակ դեռևս գտնվում էր իրենց գույքն ու տեխնիկան:

«Սաղ գույքս նորից թրջավ, նորից սելավի մեջ, նորից դրսից ներս բերել չէր եղնի, ներսից դուրս բերել չէր եղնի: Էլեկտրատեխնիկաս վաբշե սաղ՝ շարքից դուրս եկած, մեբելներս՝ ուռած: Որ երկրորդ, երրորդ անգամ անձրևի տակ մնաց գույքը, բանալին տրամադրեցին, որ գույքս տեղափոխեմ բնակարան: Որոշ չափով կահավորել եմ, մնացածն էլ հետագայի հետ է կապված: Ես մեր կահույքն եմ բերել, հարսս՝ իրենը, այստեղ եղել է միայն աման լվանալու մոյկեն, մի հատ էլ՝ գազօջախ: Նեղվածք է, բայց շնորհակալ եմ, որ դուրսը չմնացինք, դեմն էլ ձմեռ է: Ընբես բաների միջով անցանք, որ էս սթրեսից հլը ուշքի չեմ էգել»,- ասաց տիկին Նաիրան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի ավագանու որոշմամբ՝ 10 մլն դրամ է հատկացվել հուլիսի 13-ի կարկտախառն անձրևի հետևանքները վերացնելու համար:

Որոշվել է օգնություն տրամադրել 85 ընտանիքի՝ 50, 75, 100, 150 հազար դրամի չափով՝ կախված կրած վնասի չափից: 6 ընտանիքի բնակարան է հատկացվել:

Տեսանյութեր

Լրահոս