Բաժիններ՝

Բացահայտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ մեկ տարի գործող՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ, տարբեր հանցավոր սխեմաների կիրառմամբ և հստակ դերաբաշխմամբ, 2019թ. փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով «ok.ru» կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատեր հանդիսացող ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները և հափշտակել այնտեղ առկա գումարները: Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցել են իրենց հետ ուղղակի չփոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բազմաթիվ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին, որտեղից էլ փոխանցելով իրենց տիրապետման ներքո գտնվող տարբեր բանկային քարտերին՝ կանխիկացրել են:

Ընդ որում՝ հանցավոր խմբի անդամներից ոմանք, նմանատիպ հանցագործություններ կատարելու համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելով, իրենց առնչությունը կատարվող հանցանքներին բացառելու նպատակով, սոցիալական ցանցում անհատական էջեր գրանցելիս, այնտեղ փոփոխություններ և այլ գործողություններ կատարելիս, էլեկտրոնային դրամապանակներ գրանցելիս, ֆինանսական գործարքներ կատարելիս՝ համացանց մուտք իրականացնելու համար օգտվել են այլ անձանց անվամբ տրամադրված ինտերնետային կապի ծառայություններից, ինչպես նաև՝ օգտագործել են ինտերնետային հասանելիության իրական հասցեների տարբեր քողարկիչներ:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգչային համակարգերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել (փողերի լվացումը) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, տուժողների վնասի վերականգնման և առերևույթ հանցագործություններին առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս