Բաժիններ՝

Լոռիում ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանը կաշառք է ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ:

Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը, և Հ. Հ.-ն ենթարկվել է ընդամենը 14.850 ՀՀ դրամ վարչական տույժի: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով Վանաձոր քաղաքում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։

Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իբր խոշտանգել են իրեն և պահանջել խոստովանել իր կողմից ոստիկանության ծառայողին կաշառք տալու փաստը, այնուհետև, իբր բռնության և սպառնալիքների ազդեցության ներքո, ցուցմունք է տվել, որ ինքը զբաղվել է ապօրինի ծառահատումներով և կաշառք է տվել ոստիկանության ծառայողներին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ավագ տեսուչ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշյալ չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս