«Մի տեսակ խոցելի է թվում, երբ 3 տարվա փորձառություն ունեցողը պետք է գնահատի 5, 7 տարի փորձառություն ունեցող անձանց». Կարեն Զադոյան

«Շատ կարևոր է դատավորների ճիշտ ընտրությունը, որովհետև եթե մենք ձախողենք կադրերի առումով, բնականաբար, նաև ձախողելու ենք հանրային սպասումները»,- մասնագիտական հակակոռուպցիոն դատարանի թեմայով քննարկման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն այս գործընթացում երեք մարտահրավեր է տեսնում՝ կադրերի ճիշտ ընտրություն, գործընթացի թափանցիկություն և դատավորների բարեվարքության հարց:

«Հասարակությունը պետք է վստահ լինի, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այդ բարեվարքության թեստն այս հարցերի պատասխանները տալու է»,- շեշտեց Զադոյանը:

Զադոյանի խոսքով՝ կարևոր է հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ողջ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը: Ըստ նրա՝ հանրությունը, մասնագիտական կազմակերպությունները պետք է մասնակցություն ունենան և տեղյակ լինեն այս ամբողջ գործընթացից:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը քննարկման ընթացքում նաև նշեց, որ Արդարադատության նախարարությունը գործընթացում նախատեսել է ընդգրկել 3 փորձագետի, որոնց կարծիքները պետք է հաշվի առնի ԲԴԽ-ն ընտրությունների ժամանակ:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ փորձագետների ընտրությունը կատարել հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների նոմինացիաների արդյունքում, և կարելի է 3 տարվա փորձառությունը մի քիչ ավելացնել, որովհետև մի տեսակ խոցելի է թվում, երբ 3 տարվա փորձառություն ունեցողը պետք է գնահատի 5, 7 տարի փորձառություն ունեցող անձանց»,- ասաց Կարեն Զադոյանը:

Զադոյանի կարծիքով՝ այս համակարգի ստեղծումը բխում է հանրային պահանջից:

«Սա ոչ թե ստեղծվել է նոր քաղաքական իշխանությունների ժամանակ, քաղաքացիական հասարակությունը սա բարձրացրել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, այս համակարգի որոշ ինստիտուտներ ստեղծվել են նախկինում, և հիմա ավարտուն տեսք է ստացվում նոր քաղաքական իշխանությունների ժամանակ, բայց հիմնական բանը, որ սրա ակունքներում կանգնած է քաղաքացիական հասարակությունը, բնականաբար, պատկան մարմինների հետ համագործակցությամբ»,- հավելեց Կարեն Զադոյանը:

Տեսանյութեր

Լրահոս