«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անվտանգության մեխանիզմի կարևոր կոմպոնենտներից են». Տաթևիկ Հայրապետյան

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016 թ․ քառօրյայում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ, հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:

Համամի՞տ եք հնչեցվածի հետ՝ 168.am-ը հարցն ուղղեց ադրբեջանագետ, Անդրանիկ Քոչարյանի կուսակից ընկեր Տաթևիկ Հայրապետյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Նույն հարցազրույցում պարոն Քոչարյանը հստակ նշում է, որ հայ զինվորը հաղթանակ է տարել, այսինքն՝ այստեղ մի քանի չափման կետեր և շերտեր կան՝ ի՞նչ նպատակներ էր իր առջև դրել Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը, ինչի՞ հասավ, ինչի՞ չկարողացավ հասնել, իսկ մնացած հարցերի հետ կապված պատասխանները, կարծում եմ, ամբողջությամբ կտա Ապրիլյան քննիչ հանձնաժողովը՝ իր եզրափակիչ եզրակացության մեջ։ Ես ո՛չ մասնակցել եմ այդ քննարկումներին, ո՛չ անվտանգության հանձնաժողովից եմ, որ դրա հետ կապված այլ կարծիք ունենամ, բայց այն, որ հայ զինվորը հաղթանակ է տարել Ապրիլյան պատերազմում, դա նաև իր խոսքում նշել է պարոն Քոչարյանը, և այդտեղ երկրորդ կարծիք լինել, իհարկե, չի կարող»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել էր նաև Երրորդ նախագահի այն հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները», և նշել.

«Եթե ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ինքն արձանագրել է ձեռքբերումներ, և մենք չենք կարողացել օգտագործել, ապա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման առարկան այդ դեպքում ո՞րն էր»:

Նկատենք՝ Սերժ Սարգսյանն իր տեսաուղերձում մասնավորապես նշել էր, որ Հայաստանի դիվանագիտական հաջողություններից էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները.

«Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը:

Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց՝ անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանզիմներ, սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Այժմ հարց է, թե մենք ինչպե՞ս կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները, և, թե ինչո՞ւ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները»:

Այս համատեքստում Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ նոր իշխանությունները՝ դուք, կարողացե՞լ եք դիվանագիտական ճակատում օգտագործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դիվանագիտական ձեռքբերումները, ադրբեջանագետն ասաց.

«Նախ՝ Սերժ Սարգսյանը և հանրապետականները շարունակ պնդում էին, թե իբրև նոր իշխանությունները հրաժարվել են Վիեննա–Սանկտ Պետերբուրգից, որն ամբողջությամբ հեռու է իրականությունից: Դրա մասին բազմիցս խոսել է և՛ Արտգործնախարարը, և՛ ինքս էլ դրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ եմ տվել. դրանք երբեք դուրս չեն եկել մեր օրակարգից, և դրանք, այսպես կոչված, անվտանգության մեխանիզմի կարևոր կոմպոնենտներից են: Այլ բան է՝ Ադրբեջանն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, կամ՝ ի՞նչ հատվածով է ընդունում, ի՞նչ հատվածով չի ընդունում, և, թե մենք ինչպե՞ս պետք է առաջ գնանք այդ իրավիճակում, բայց դրանք օրակարգից երբեք դուրս չեն եկել և կազմում են միջազգային մոնիտորինգային մեխանիզմների հաստատման կարևոր կոմպոնենտներից մեկը»:

Ի պատասխան հարցին՝ այդուհանդերձ, դրանք դուք համարո՞ւմ եք ձեռքբերումներ, թե՞ ոչ, որովհետև պարոն Քոչարյանն ասում է՝ ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը, մեր զրուցակիցը նշեց.

«Պարոն Քոչարյանի և ընդհանրապես անվտանգության հանձնաժողովի գերխնդիրը, եթե չեմ սխալվում, Նալբանդյանը ևս մասնակցել է քննարկմանը, այսինքն՝ արտաքին կոմպոնենտ էլ է ունեցել, բայց գերխնդիրն այդ ժամանակահատվածում ստեղծված ավելի ռազմաքաղաքական խնդիրների, դրանց լուծումների, թերությունների բացահայտումն է և նման դեպքերի բացառումը՝ հաշվի առնելով, թե մեզ համար դա ինչ կարևոր անվտանգային գործոն է:

Այստեղ պետք չէ որևէ ներքաղաքական ենթատեքստեր փնտրել, որովհետև դա միայն վնասելու է մեր պետությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ սխալների վերհանումն է, եզրակացությունների հրապարակումը և դրանց բացառումը հետագայում: Նաև Քոչարյանն իր խոսքում նշեց, որ հենց Տավուշյան դեպքերը…, այսինքն՝ ապրիլյանից, դրա արդյունքում քաղված դասերը սերտելով ենք կարողանում կերտել նոր հաջողություններ, հաղթանակներ և է՛լ ավելի ամրապնդել մեր անվտանգությունը, ինչը բխում է բոլորիս շահերից՝ կլինի իշխանություն, ընդդիմություն, թե մեկ այլ հետաքրքրված անձ»:

Ճշգրտելու համար պատգամավոր Տ. Հայրապետյանին կրկին ուղղեցինք նույն հարցադրումը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայամանավորվածությունները դիվանագիտական ձեռքբերում կարո՞ղ ենք համարել, նա պատասխանեց.

«Նայած՝ դուք ձեռքբերում ասելով՝ ինչ նկատի ունեք. դրանք չեն իրագործվել, չեն իրականացվել: Բնականաբար, բանակցային գործընթացի տարբեր փուլերում Հայաստանի տեսանկյունից կարևոր տարբեր քննարկումներ, փաստաթղթեր,  որոշումներ են եղել, բայց որքանո՞վ են դրանք իրականացվել՝ դա հաջորդ կոմպոնենտն է:

Բանակցային գործընթացը բազմաթիվ կողմեր ունի՝ դրական, բացասական, մեզ ձեռնտու, ոչ այնքան ձեռնտու. բնականաբար, Վիեննա-Սանկտ Պետերբուրգը բխում է մեր շահերից և մեր հետաքրքրություններից, բայց արդեն հարցական է՝ որքանո՞վ է դա իրականացվել: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, ըստ էության, չի համաձայնել դրանց իրագործմանը, կամ թե ինչ-ինչ խնդիրներ է հարուցել:

Այդուհանդերձ, շատ կարևոր արձանագրում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ մոնիտորինգային մեխանիզմների հետ կապված արձանագրումը, թե մոնիտորիգն իրականացնողներն օր առաջ պետք է վերադառնան տարածաշրջան, ինչի մասին նաև վարչապետն է իր հայտնի յոթ կետերում նշել: Մոնիտորինգային մեխանիզմների մասին հայկական կողմը բազմիցս խոսել է, իսկ Վիեննա–Սանկտ Պետերբուրգը կարևոր կոմպոնենտներից մեկն է: Մնացած հարցերը հետագայում բանակցային գործընթացի արդյունքում ավելի հստակ կդառնան»:

Տեսանյութեր

Լրահոս