«Զրպարտանք է». Հայաստանի ազգային արխիվի տնօրենը՝ իր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքննություն իրականացնելու համար:
Մասնավորապես, Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել:
Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար:
168.am-ը այս հարցով կապ հաստատեց Ամատունի Վիրաբյանի հետ:
«Զպարտանք է: Այդ մարդուն՝ Արմեն Գագիկի Գրիգորյանին, ես երկու անգամ բացասական պատասխան եմ տվել՝ ասելով, որ փաստաթուղթ չկա, այրվել է: Անցած տարի երկու անգամ ՌԴ ուղարկել եմ բացասական պատասխան, որ այդ փաստաթղթերը չկան: ՌԴ-ից հարցումներ եմ ստացել, ես էլ էլ պատասխան եմ ուղարկել, որ չկա: Ես ՌԴ քաղաքացի Արմեն Գևորգյա՞ն եմ տեսել: Արխիվում չկա փաստաթուղթ, դրանք ոչնչացված են տաքսամոտորային պարկում: Այսօր ինձ ոստիկանություն են կանչել, նույն ձևով պետք է գնամ ու ասեմ»,- ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ այդ մասին քաղաքացուն հայտնել է անցած տարվա դեկտեմբերին:
Հարցին՝ այսինքն, Ձեզ հանդիպել է ու ասել եք՝ չկա՞ն փաստաթղթերը:
«Ենթադրում եմ, չեմ կարող ասել, ինձ մոտ օրը 20 մարդ է մտնում, որի՞ն հիշեմ: 90-ական թթ. տաքսամոտորային պարկը սեփականաշնորհել և փաստաթղթերը ոչնչացրել են: Մեկը հուլիսին, մյուսը դեկտեմբերին ասել ենք, որ այդ փաստաթղթերը չկան, դրա համար պատասխան չենք կարող տալ»,- եզրափակեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը: