Բաժիններ՝

ԴԱՀԿ-ն ներկայացրել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացվել է պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում կարող է բռնագանձում տարածվել պարտապան ֆիզիկական անձի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա, եթե.

  1. Պարտապանը չունի գույք
  2. Եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար
  3. Կատարվում է պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ վճիռ
  4. Կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը չի գերազանցում 200 հազար դրամը՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

Կատարվող պահումների չափը

Ըստ գործող օրենսդրության, ի կատարումն բռնագանձման վերաբերյալ դատական ակտի, պարտապանի ամբողջ եկամուտը բռնագանձվել չի կարող: Մասնավորապես՝ մինչև պարտավորության ամբողջական մարումը պարտապանի աշխատավարձից և այլ եկամուտներից, կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի.

  1. Ալիմենտի բռնագանձման,
  2. Առողջությանը,
  3. Կերակրողի մահվամբ կամ
  4. Հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման դեպքերում՝ մինչև 75 տոկոս

Հարկ է նկատի ունենալ, որ պահվող գումարի չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

30 տոկոսից ոչ ավելի կարող է պահվել՝

  1. Պարտապանի պետական կենսաթոշակից մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը
  2. Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից, եթե առկա է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ տրվող տեղեկանք

Բռնագանձման ենթակա չեն պետական բյուջեից վճարվող սոցիալական աջակցության գումարները, ինչպես նաև ընտանեկան, երեխայի ծննդյան, երեխայի խնամքի, մայրության, ժամանակավոր անաշխատունակության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, թաղման և խնամակալության նպաստները:

Տեղեկացում՝ արգելանք կիրառելիս և բռնագանձում տարածելիս հարկադիր կատարողը որոշ դեպքերում կարող է չտեսնել՝ ինչ դրամական միջոցներ են արգելադրվում, ուստի նշված եկամուտներն ամբողջությամբ արգելադրվելու դեպքում կիրառված արգելանքը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ փոստի միջոցով ներկայացնել դիմում, գործատուից կամ այլ եկամուտ վճարողից տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն՝ պարտապանի անձնագրային տվյալները, աշխատավարձի կամ այլ եկամտի չափը, բանկը, որին փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը, գործատուի կամ եկամուտ վճարողի հաշվեհամարը, որից կատարվում են փոխանցումները:

Ի գիտություն՝ բավարար հիմքեր ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողը կարող է վերանայել նշված գումարներից բռնագանձվող տոկոսի չափը:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս